Բաժիններ՝

ՍիվիլՆեթը նոր տնօրեն ունի

Civilnet.am-ի փոխանցմամբ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդն ուրախ է հայտարարելու հիմնադրամի նոր տնօրենի պաշտոնին Աբո Պoղիկեանի նշանակման մասին։ 2008-ին հիմնադրումից ի վեր՝ Սիվիլիթասը եղել է քաղաքացիական հասարակության զորացման առաջամարտիկը՝ խթանելով հրապարակային քննարկումների մշակույթը, իրականացնելով սոցիոլոգիական հարցումներ ու հետազոտություններ, նախաձեռնելով անդրսահմանային բազմաթիվ ծրագրեր։ Հիմնադրամի ամենաազդեցիկ ծրագիրը ՍիվիլՆեթ նորարար մեդիա հարթակի ստեղծումն էր, որը նոր չափանիշներ ու միտումներ է հաղորդել հայաստանյան լրատվադաշտին։

Պարոն Պօղիկեանը ծնվել է Լիբանանի Այնճար քաղաքում, ապրել և ուսանել Լոս Անջելեսում և վերջին երեք պատմական տասնամյակների կեսից ավելին բնակվել Հայաստանում։

«ՍիվիլՆեթը, որը ստեղծվել է Հայաստանի կյանքում նշանակալից փոփոխությունների հասնելու համար, այժմ տեղեկատվության և վերլուծության միջազգայնորեն հայտնի երկլեզու աղբյուր է՝ Սիվիլիթաս հիմնադրամի կարևորագույն նվաճումը։ «ՍիվիլՆեթի գործունեությունն ավելի լայն և բազմակողմանի է դառնալու՝ շնորհիվ Աբո Պoղիկեանի փորձառության և բացառիկ անձնվիրության այն հավատամքին, որ մեզ առաջ է մղում՝ արդար հանրություն, բաց երկիր, որտեղ անհատը կարող է բարգավաճել ու իր նպաստը բերել մարդկության բարօրությանը»,- ասել է Սիվիլիթասի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանը։

1980-ականներին Աբո Պoղիկեանը հայ գրականության ոլորտում իր դոկտորական ատենախոսության վրա էր աշխատում լուսահոգի պրոֆեսոր Ավետիս Սանճեանի մոտ, սակայն ընդհատեց ուսումը՝ ստանձնելու Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ղեկավարությամբ օրաթերթը մեծ զարգացում ունեցավ և դարձավ Սփյուռքի կարևորագույն երկու լրատվամիջոցներից մեկը։

1990-ին՝ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ սկսվել էր Ղարաբաղյան շարժումն ու քաղաքական զարթոնքը, երբ թափ էր հավաքում Արցախի վերամիավորման և անկախության ընթացքը, Աբո Պօղիկեանը եկավ հայրենիք և մի քանի լրատվամիջոց հիմնադրեց, այդ թվում՝ «Երկիր» օրաթերթը։ Նա ստեղծեց նաև ՀՅԴ մամլո դիվանը, որն ամենօրյա կարևոր տեղեկատվություն էր տրամադրում Ղարաբաղյան ճակատից, ապա՝ նորանկախ Հայաստանից։ Որպես «Երկիր» օրաթերթի հիմնադիր ու խմբագիր՝ նա հավատարիմ մնաց անկախ լրագրության սկզբունքներին և կարողացավ ապահովել Հայաստանի ու տարածաշրջանի մասին հավաստի լուրերի ու վերլուծությունների մատուցումը միջազգային հանրությանը, որը դրա կարիքն առանձնապես ուներ։

«Արցախjան շարժումով խանդավառ էր ամբողջ ազգը: «Ասպարեզ»-ը, որու խմբագիրն էի այդ օրերուն, «Դեպի երկիր» կը քարոզեր, ու կարելի չէր Լոս Անջելես նստած հանգիստ խղճով այդ հորդորով ժողովուրդին դիմել: Նաեւ պատմական իրադարձություններուն անմիջական մասնակցություն ունենալու ցանկությունը անդիմադրելի էր»,- ասել է Աբո Պօղիկեանը։

2008-ին վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Պօղիկեանը կրկին ստանձնեց «Ասպարեզ»-ի խմբագրությունը և ընդլայնեց թերթի հնարավորությունները, տարածումը և բազմակողմանի լուսաբանումը։ Մինչև այս ամիս նա «Ասպարեզ»-ի հետ էր։

Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը վստահ է, որ Աբո Պօղիկեանը կազմակերպությունը կհասցնի նոր բարձունքների։ «Հայաստան վերադառնալը նպատակ էր: Վերադառնալ ՍիվիլՆեթի ընտանիքին մաս կազմելու ճամփով՝ ինձի համար թարմ ու իմաստալից նոր փորձառություններու առիթ կը նկատեմ, որ միեւնույն ատեն պարտավորեցնող է: Նվիրումով ու մասնագիտական բարձր մակարդակով աշխատողներու խումբին մաս կազմելու հեռանկարն ալ իսկապես կ՝ոգեւորէ զիս»,- ասել է Պօղիկեանը։

ՍիվիլՆեթն իր երեք տասնյակ աշխատակիցներով կենտրոնացած է ուղիղ հեռարձակումների, հետաքննական, իրավապաշտպան և լուծումների տանող լրագրության վրա։ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ամենատարբեր անկյուններից երկլեզու՝ հայերեն և անգլերեն լուսաբանումը, տվյալների վրա հիմնված վերլուծությունները ՍիվիլՆեթի աշխատանքի հիմնաքարն են։ 2013-ին ՍիվիլՆեթը հայաստանյան միակ լրատվամիջոցն էր, որ Սիրիայում տեղից լուսաբանում էր տեղահանված քեսապցիների խնդիրը։ ՍիվիլՆեթի՝ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերի շուրջօրյա ուղիղ հեռարձակումն ունեցել է 16 միլիոն դիտում։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ՍիվիլՆեթը լուսաբանել է քաղաքացիական բազմաթիվ մեծ ու փոքր ցույցեր ու բողոքներ, աջակցել սեփական իրավունքների համար պայքարելու անհատի ու հանրության գիտակցության բարձրացմանը, ինչն ի վերջո նպաստեց 2018-ի հաջող ու սահուն քաղաքական վերափոխմանը։

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Սիվիլիթասը հիմնադրեց մի ժամանակահատվածում, երբ մեծ էր քաղաքացիական հասարակության գործունեության և ազդեցության ընդլայնման կարիքը։ Այսօր Սիվիլիթասը կարող է և պետք է նոր դեր ստանձնի որպես հետազոտական և վերլուծական կենտրոն։ ՍիվիլՆեթն այդ գործի անբաժան մասն է, որը հանրությանը տալու է հայության առջև ծառացած մարտահրավերների նրբին ու բարդ բացատրությունները՝ հայերեն ու անգլերեն։ Աբո Պօղիկեանի փորձը և նվիրումը հրաշալի համադրություն են այս նպատակին հասնելու համար»,- ասել է Սալբի Ղազարյանը։

Աբո Պօղիկեանը Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենի պաշտոնը կստանձնի 2019-ի սեպտեմբերի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս