Պեկինի և Վաշինգտոնի առևտրական կոնսուլտացիաների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին ԱՄՆ-ում
Չին-ամերիկյան առեւտրատնտեսական կոնսուլտացիաների հաջորդ՝ թվով 13-րդ, փուլը կկայանա սեպտեմբերին ԱՄՆ-ում: Համապատասխան պայմանավորվածությունը, ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, ձեռք է բերվել հուլիսի 30-31-ին Շանհայում կայացած բանակցությունների 12-րդ փուլում։
«Կողմերը սեպտեմբերին ԱՄՆ-ում կանցկացնեն առեւտրատնտեսական կոնսուլտացիաների հաջորդ փուլը», հաղորդում է գործակալությունը, նշելով, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հետեւելով ավելի վաղ երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին, անցկացրել են «անկեղծ, բարձրարդյունավետ եւ կառուցողական երկխոսություն»:
Գործակալությունը որեւէ կոնկրետ արդյունքի մասին չի տեղեկացնում, բացի հաջորդ կոնսուլտացիաներն ԱՄՆ-ում անցկացնելու պայմանավորվածությունից:
Միայն նշվում է, որ կողմերը բանակցություններում արծարծել են Չինաստանի կողմից ԱՄՆ-ում գյուղատնտեսական արտադրանքի գնումներն ավելացնելու հարցը, ելնելով այն պահանջմունքներից, որն ունի չինական կողմը:
Գործակալությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ի հետ գոյություն ունեցող առեւտրական տարաձայնությունների պատճառով Չինաստանի տնտեսության աղետալի վիճակի վերաբերյալ առանձին գնահատականներ խիստ չափազանցված են, եւ հարկ է, որ ամերիկյան կողմը գիտակցի նոր իրողությունները, որպեսզի առաջընթացի հասնի երկխոսության, այլ ոչ թե առճակատման ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: