Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն այս պահին ավելի բարձր է, քան Պեկինում. ինչո՞վ է դա պայմանավորված

Օդի աղտոտվածության մակարդակը ներկայացնող օնլայն հարթակներում այս պահին Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան, օրինակ՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինի: Պեկինում որոշակի օրերի մարդիկ շնչադիմակներով են տնից դուրս գալիս, որովհետև աղտոտվածության ցուցիչը բավականին բարձր է լինում: Թե ինչո՞վ է պայմանավորված այս ցուցանիշը, արդյո՞ք Երևանի օդն աղտոտված է, ի՞նչ վտանգներ կան դրա հետ կապված, 168.am-ը փորձեց պարզել «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանից:

«Երևանում օդի աղտոտվածություն ունենք, չնայած արդյունաբերությունը լիարժեք չի գործում, եթե գործեր, ապա առհասարակ մայրաքաղաքում հնարավոր չէր լինի ապրել: Հիմա հիմնականում օդի աղտոտվածության պատճառը տրանսպորտն է, նաև՝ քամիների, անձրևների բացակայությունը, որոնք քիչ թե շատ մաքրում են օդը, և, իհարկե, սխալ քաղաքաշինությունը: Հիմքում այն քաղաքաշինությունն է, որ անկախության տարիներին իրականացվել է:

Ինչքան էլ պայքարել, բացատրել, խոսել ենք, միևնույն է՝ կետային կառուցապատում է տեղի ունեցել: Եթե մի հարուստ մարդ որևէ տարածքում ցանկացել է բարձրահարկ շենք կառուցել, անկախ նրանից՝ էկոլոգիան ինչ կլինի, ճարտարապետական պատկերը փոխվում է, թե ոչ, միանգամից կառուցել է: Երևանի կենտրոնը խիստ կառուցապատվեց և խտացվեց, հաշվի չառնվեց՝ ինֆրաստրուկտուրան հաշվարկվա՞ծ է այդքան մարդկանց, այդքան մեքենաների համար. իհարկե ոչ:

Արդյունքում՝ մենք ունենք խցանումներ, որոնց ժամանակ արտանետումները շատանում են, հակաճարտարապետական, հակաէկոլոգիական քաղաքաշինության արդյունքում ունենք այս վիճակը»,- պարզաբանեց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ հիմա պետք է դադարեցնել այդ կետային կառուցապատումը և ակտիվ կանաչապատում իրականացնել:

«Մերձգետնյա օզոնի բարձր պարունակությունը Երևանում միշտ ցույց է տալիս, որ այո, գոնե ֆոտոքիմիական թունամշուշ քաղաքում կա: Այդ երևույթին միանում է նաև արևի ակտիվ ճառագայթումը, որի ազդեցությամբ այդ արտանետված նյութերն օքսիդանում ու ավելի թունավոր են դառնում: Շատ տեղերում համարում ենք, որ ունենք կանաչ տարածք, բայց մեծ տարածք է, ու մի երկու թուփ ու ծառ է աճում: Իսկ մենք կենսաբանական այդ զանգվածի խիստ կարիքն ունենք»,- ասաց բնապահպանը՝ ընդգծելով՝ ամռանը Երևանում ավելի շատ լինում է ֆոտոքիմիական թունամշուշ, իսկ ուշ աշնանն ու ձմռանը, երբ մառախուղ է լինում, ավելի շատ լոնդոնյան տիպի թունամշուշ կարող է լինել քաղաքում:

«Առողջության համար, իհարկե, դա վտանգավոր է: Մեզանում առհասարակ շրջակա միջավայր-առողջություն կապը չեմ տեսնում: Ես անընդհատ բանավեճի մեջ եմ Առողջապահության նախարարության հետ, որովհետև օրինակ՝ հանքարդյունաբերության, ծանր մետաղների ազդեցությունն իրենք չեն տեսնում, իրենք միայն ծխելն ու խմելն են տեսնում, ուրիշ ոչինչ: Հիմա կարծես ինչ-որ փոփոխություն կա, բայց միայն առերևույթ»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս