Բանակցությունների գինը միայն մարզպետի պաշտոնանկության հարցը չի լինելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ արձակուրդից վերադառնալուց հետո, հնարավոր է՝ ներկուսակցական հավաք հրավիրի, իշխող ուժի ներսում օրակարգային հարցեր կան։ Մեզ հայտնի դարձած թեմաներից ամենաուշագրավը, սակայն, Սասուն Միքայելյանի հետագա անելիքներին առնչվող թեման է լինելու, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցության անելիքը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, իշխող ուժի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանի հետ:
Ն. Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ Աբովյան քաղաքի ընտրություններից հետո կուսակցության ներսում պայթած ականն իրականում հենց այնպես, անհետևանք չի մնա, և որքան էլ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են դրսի աչքի համար ներկուսակցական լարվածությունը պրոյեկտել սոսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան նեղ միջանձնային հարաբերությունների վրա, միևնույն է, Փաշինյան-Միքայելյան հանդիպման հայտնի դրվագն ավելի խոսուն վկայություն էր նրանց միջև առկա սառը պատերազմի մասին: Իհարկե, հայտնի տեսանյութից հետո (ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսախցիկները ֆիքսել էին, որ Սասուն Միքայելյանը չի բարևում վարչապետին, այն դեպքում, որ բոլորը ոտքի էին կանգնել և բարևել նրան, սակայն Սասուն Միքայելյանը նստած էր մնացել, չի մոտեցել և չի սեղմել նրա ձեռքը) Ս. Միքայելյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր՝ «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։ Սակայն իշխանական մեր աղբյուրները հաստատում են նրանց միջև ոչ սահուն հարաբերությունների մասին։
Նկատենք, Փաշինյանը մինչ օրս Սասուն Միքայելյանից դժգոհելու մասով ուղիղ չի խոսել, ակնարկները Կոտայքի մարզպետի շուրթերով են հնչել, սակայն երկար խուսափելու շանս չունի, մանավանդ, որ աշնանային նստաշրջանին ընդառաջ կուսակցությունը ստիպված է լինելու մի քանի լուրջ նախագծերի մասով իր միասնական դիրքորոշումը հայտնել՝ դա կարող է լինել Արցախի ներքաղաքական գործընթացները, վիճահարույց Ստամբուլյան կոնվենցիան, Պուտինի մոտալուտ այցի հետ կապված ռազմական-տնտեսական հարցերը:
Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու բառերով արտահայտել իր վերաբերմունքը ՔՊ համահիմնադիր Սասուն Միքայելյանի գործողությունների և կուսակցության ուղեգծից ինչ-ինչ դեպքերում դուրս գալու նրա վարքագծի համար: Եվ ոչ միայն նրա մասին, այլև որոշ պատգամավորների, որոնք իշխանական քաղաքական ուժի դիրքորոշումներին հակառակ տեսակետներ են արտահայտում։
Նշենք, որ Աբովյանում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի (որին ոչ պաշտոնապես աջակցում էր «Բարգավաճ Հայաստանը») տարած հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս Սասուն Միքայլեյանի հետ կոնտակտի չի գնացել։ Այս մասին բացահայտ հաստատեց նաև Սասուն Միքայելյանը՝ իր վերջին հարցազրույցներից մեկում:
Իշխող ուժի ներսում այս լարվածությունից կուսակիցները լավ հոտ չեն զգում, համակարծիք են, որ հեղափոխությունից հետո ԵԿՄ նախագահի տիտղոսի հարցում Փաշինյանը շտապել է և գուցե առանց հաշվարկների է ԵԿՄ-ն շռայլել:
Նեղ շրջանակներում ոմանք ասում են՝ «ԵԿՄ նախագահի պոստով Սասուն Միքայելյանի տակ փաստացի երկրի ամենաազդեցիկ ռեսուրսներից մեկը դրեցինք ու սխալվեցինք»:
Փաշինյանը, վստահաբար, գիտակցում է, որ ԵԿՄ-ում Սասուն Միքայելյանին նախագահ դարձնելով՝ ինքն իր ձեռքով հրացանի փողն առաջինը հենց իր դեմ ուղղեց, և այն կկրակի ցանկացած պահի, եթե Միքայելյանը շատ ցանկանա: Հետևաբար՝ այսօր, ներիշխանական լարվածության պայմաններում, ցանկացած քայլ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դեմ, բնական է, որ իշխանության համար ամենաանկանխատեսելի զարգացումների կարող է հանգեցնել:
Թերևս, այս մտավախության հաշվարկով է, որ իշխանական թևից մի քանի պատգամավոր ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում Սասուն Միքայելյանի հետ: Խնդիր է դրված՝ իրավիճակը հնարավորինս անաղմուկ հարթել և այնպես, որ Սասուն Միքայելյանն անձամբ իր «դարձի գալու» մասին հայտարարություն անի:
168.am-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ բանագնացների առաջին հանդիպումը հենց Բժշկական համալսարանի միջոցառման օրն է կազմակերպվել, Փաշինյանին հարթակում «չբարևելու» կամ ոտքի չկանգնելու հայտնի դրվագից հետո: Հիշենք՝ այդ օրերին ՖԲ-ում ակտիվ շրջանառվում էր «մեզ էլ չի բարևել» գրառումով հայտնի «Իմ քայլ»-ականների լուսանկարը:
Պատգամավորների համեստ խումբն ակտիվացող շփումներով այս օրերին փորձում է Սասուն Միքայելյանին վերադարձնել կանխատեսելիության դաշտ՝ հնարավոր պառակտումից խուսափելու համար:
Խոսակցություններ կան, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ վերջերս Սասուն Միքայելյանի շուրջ մերձենալու փորձեր են անում, վարկած կա, որ խորհրդարանական մի նոր խմբակցություն կձևավորվի, և դեռ հայտնի չէ, թե որ դաշտում խաղալու նպատակով: Ուստի Փաշինյանի բանագնացները ջանում են, որ Միքայելյանին հետ պահեն նաև այս հնարավոր գործարքից: Ասում են՝ դրա գինը կարող է նաև Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնանկությունը լինել: Կառավարությունում այս օրերին քննարկվում է Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղափոխելու հարցը: Նախարար Սուրեն Պապիկյանը գործադիրում թեթև պատասխանատու պաշտոն կհարմարեցնի մարզպետին, փոխարենը՝ վարչապետը Կոտայքի մարզպետ կնշանակի փոխնախարարներից մեկին:
Սյուզի Բադոյան