«Եռաբլուրի դեպքը լրատվական դաշտում բավականին մեծ տեղ է սկսում զբաղեցնել, և կարծես թե նպատակ կա դուրս բերելու երկրորդ նախագահի հարցազրույցի հետ կապված հարցը ներքաղաքական օրակարգի ոլորտից». Քաղտեխնոլոգ
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չարձագանքելը բացթողում է, որը պետք է լրացվի։ Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Եռաբլուրում ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը վնասելուն։
Հարցին՝ ՀԴՄ կտրոնների վերահսկման և ֆեյքերի դեմ պայքարելու համար վարչապետը հստակ հանձնարարական էր տվել ԱԱԾ պետին, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա, սա տարօրինակ չէ՞, քաղտեխնոլոգը կրկնեց, որ սա վարչապետի կողմից բացթողում է։
«Չեմ ցանկանում՝ ընկնենք դավադրության տեսության մեջ, և ասել, որ ապրիլյան հերոսները վարչապետին չեն հետաքրքրում։ Այս պահին եկեք միայն ընդունեք, որ սա նրա կողմից բացթողում է։ Այս հարցն այլ ոլորտի է վերաբերում»,- ընդգծեց նա։
Հարցին՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում իշխանական շրջանակների կողմից ակտիվ քննարկվում է, որ վանդալիզմի հեղինակներն այդ քայլին են գնացել ներկայիս իշխանությունների, վարչապետ Փաշինյանի վարկանիշը նվազեցնելու համար, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ համացանցում այնպիսի բաներ են գրում, որոնք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն։
«Ֆեյսբուքյան Հայաստանը և իրական Հայաստանը միմյանց հետ առնչություն չունեն։ Օդից վերցնել և ասել, որ դրա հեղինակները հայեր չեն, կամ այն իշխանությունների վարկանիշը վարկաբեկելու համար է արվել՝ ճիշտ չէ։ Մեկ բան նկատենք, որ այս իրադարձությունը լրատվական դաշտում բավականին մեծ տեղ է սկսում զբաղեցնել, և կարծես թե նպատակ կա դուրս բերելու երկրորդ նախագահի հարցազրույցի հետ կապված հարցը ներքաղաքական օրակարգի ոլորտից։ Այսինքն՝ այս հարցով փորձում են այն հարցը ծածկել»,- շեշտեց նա։
Քաղտեխնոլոգը նաև հավելեց, քանի որ այս պահին իրավապահները զբաղվում են հարցով, շատ բաներ չի կարող ասել։
Զվարթ Խաչատրյան
Հ.Գ. Ի դեպ, մինչ իշխանական քարոզիչները կատարվածի մեջ մեղադրանքներ էին ուղղում նախկին իշխանությունների հասցեին, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ հրապարակումների՝ կնոջ անուն-ազգանունը Գրետա Մնացականյան է։