«Որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել». Գևորգ Ալթունյան
«Այն, ինչ ենթադրում ենք՝ որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը դրսևորվել է հանրապետության մի շարք այլ գերեզմանատներում»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով Եռաբլուրի աղմկահարույց դեպքերին:
Նա տեղեկացրեց, որ դեպքը երեկոյան է եղել, և երեկոյան արդեն սկսել են միջոցներ ձեռնարկել, որ գերեզմանաքարերը մաքրվեն, ու ծառայություններն արդեն հասկանան՝ ովքեր են եղել:
Ըստ Գ. Ալթունյանի ստացած տպավորության՝ հալված, տաք վիճակում գտնվող մոմը մի քանի րոպեում շաղ են տվել գերեզմանքարերի վրա ու արագ հեռացել:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք տարածքը հսկվում է՝ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց. «Տարածքը չի փակվում, ցանկացած մարդ կարող է ցանկացած ժամի գալ և գնալ, ամեն եկողի հետ չես կարող պահակ դնել, դա աբսուրդ է:
Ամեն ինչ կանենք, որպեսզի տեսահսկման համակարգերը տեղադրվեն, վերահսկողական ծառայությունն ուժեղացվի, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է գտնել մարդկանց, ովքեր արել են, և հասկանալ՝ ինչո՞ւ են արել»:
Զարուհի Դիլանյան