Բաժիններ՝

Կորեացի երկրպագուները դատի են տվել Ռոնալդուին

Հարավկորեացի երկրպագուները դիմել են դատարան, քանի որ «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել դաշտում Կորեայի լիգայի աստղերի թիմի հետ խաղում, ինչպես խոստացել էր:

Միջոցառման կազմակերպիչ The Fasta կորպորացիայի համաձայն՝ կողմերը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ պորտուգալացին  պետք է խաղար մեկ խաղակես, բայց նա այդպես էլ խաղադաշտում չհայտնվեց:

Երկու հոգի արդեն դատական ​​հայց են ներկայացրել: Նրանք պահանջում են փոխհատուցում տոմսի արժեքի համար, որը կազմել է 70 հազար վոն (59 դոլար), իսկ 1 միլիոն վոն (847 դոլար)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում: Ըստ տուժածների փաստաբանի՝ ևս 60 հազար մարդ կարող է դատարան դիմել:

Իրավիճակը մեկնաբանել է նաև The Fasta-ի գործադիր տնօրեն Ռոբին Չանգը, ով ասել է, որ իմացել է Ռոնալդուի չմասնակցելու մասին երկրորդ կեսի մեկնարկից 10 րոպե անց:

Չանգը նշել է, որ ցանկացել է հասկանալ, թե ինչ է կատարվում, իսկ «Յուվենթուսի» ներկայացուցիչ Նեդվեդն ասել է, որ ինքը ոչինչ չի կարող անել, քանի որ Ռոնալդուն չի ցանկանում դաշտ դուրս գալ:

Կորեայի ֆուտբոլային ասոցիացիան երեքշաբթի օրը հայտարարել է, որ բողոք է ուղարկել «Յուվենթուսին»՝ պայմանագրի պայմանները խախտելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս