
Բարտոմեուն և ՊՍԺ-ի նախագահը կհանդիպեն

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հանդիպելու են օգոստոսի 16-ին Լիվերպուլում կայանալիք ECA (Եվրոպական ակումբների ասոցիացիա) գագաթաժողովում:
Գագաթաժողովի հիմնական հարցը կլինի Չեմպիոնների լիգայի բարեփոխման քննարկումը, որը նախատեսվում է 2024 թվականին:
Հաղորդվում է, որ ակումբների նախագահները կարող են քննարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագան, որը ցանկություն է հայտնել լքել ֆրանսիական ակումբը և տեղափոխվել «Բարսելոնա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրոյով վաճառել Նեյմարին ցանկացած ակումբի՝ բացառությամբ «Բարսելոնայի»:
Բարտոմեուն մինչ օրս բացահայտ չի խոսել Նեյմարին վերադարձնելու ցանկության մասին, իսկ Նասեր Ալ-Հելաիֆին ակնարկել է, որ Նեյմարը կարող է հեռանալ:
«Ես ուզում եմ տեսնել այս թիմում խաղացողների, ովքեր պատրաստ են ամեն ինչ տալ ակումբի համար, պաշտպանել այս շապիկի պատիվը և աջակցել այս ակումբի նախագծին:
Նրանց հետ, ովքեր չեն ցանկանում դա անել կամ չեն հասկանում դրա նպատակը, մենք հանդիպում ենք և շփվում: Կան պայմանագրեր, որոնք պետք է հարգվեն, բայց մեր գերակայությունն այժմ տրվում է մեր նախագծին:
Ոչ ոք Նեյմարին չի խնդրել պայմանագիր ստորագրել: Ոչ ոք չի ստիպել նրան անել դա: Նա եկել է ՊՍԺ՝ լավ հասկանալով ամեն բան, ինչի համար նա անում է դա»,- ասել է ֆրանսիական ակումբի նախագահը:
Նեյմարը տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան