«Յաբլոնեց»-«Փյունիկ». Պետք է պահպանել առավելությունը
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական «Փյունիկը» Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց չեխական «Յաբլոնեցին» և հաղթեց 2:1 հաշվով: Բավականին վտանգավոր հաշվով ավարտված հանդիպումից հետո հայկական ակումբը պետք է ամեն ինչ անի առավելությունը պահելու և հաջորդ տուրի ուղեգիր նվաճելու համար:
«Յաբլոնեց»
«Յաբլոնեցը» դարձավ Չեխիայի առաջնության 4-րդ թիմը՝ չնայած 17 հաղթանակներին և խփված 58 գոլերին:
Մեկնարկած առաջնության առաջին երկու տուրերում Պետրա Ռադայի ֆուտբոլիստները հաղթեցին «Բոհեմիանսին» (2:0) և պարտվեցին չեմպիոնին (0:2), իսկ արդեն երրորդ փուլում նրանք ջախջախեցին «Սլովեցկոյին» (6:0): «Կանաչ- սպիտակները» 16 խաղ անընդմեջ ոչ-ոքի չեն խաղացել՝ ապրիլի 7-ին «Սլովանի» հետ խաղից հետո (0:0):
«Փյունիկ»
Նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության երկրորդ թիմը ՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջին տեղը զբաղեցրած «Արարատ-Արմենիային»:
Ալեքսանդր Տարախանովի ֆուտբոլիստները մեկ մրցաշրջանում ունեցան 18 հաղթանակ: «Փյունիկը» Հայաստանի երկրորդ ամենահաջողակ թիմն է` խփած 46 գոլերով:
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման առաջին փուլում հայկական ակումբը երկու խաղերի արդյունքում առավելության հասավ մակեդոնական «Շկուպիի» նկատմամբ (5:4):
Այս խաղից առաջ հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարախանովը նշում է, որ ինքն էլ բոլոր մարզիչների նման պետք է թիմից ակնկալի հաղթանակ և հաջորդ տուրի ուղեգրի նվաճում:
Մարզիչը նշում է, որ թիմում տրամադրված և պատրաստ են բոլորը: Առաջին խաղը բաց թողեց Կառլեն Մկրտչյանը, ով ուներ առողջական խնդիրներ, բայց այս խաղում նա պատրաստ կլինի:
Հայկական ակումբի կազմում պատրաստ են նաև նորեկները, սակայն, ըստ Տարախանովի, նրանք միանշանակ չեն լինի մեկնարկային կազմում, բայց կարող են փոխարինման դուրս գալ:
Ըստ Ալեքսանդր Տարախանովի, մրցակիցն այս խաղում փորձելու է մեծ ճնշում գործադրել, բայց իրենք պետք է ամեն ինչ անեն ճնշմանը դիմակայելու համար: Մարզչի խոսքով, այս խաղում չկան ֆավորիտներ:
Վիճակագրություն
- «Յաբլոնեցը» պարտվել է վերջին 7 խաղերից 5-ում
- «Փյունիկը» չի պարտվում 15 անընդմեջ
- «Փյունիկը» գոլ է հեղինակում 18 խաղ անընդմեջ
Ինչպես նշեցինք, 2:1-ը բավականին վտանգավոր հաշիվ է հայկական թիմի համար, քանի որ մրցակցի 1 գոլը կարող է ամբողջությամբ փոխել պատկերը: Այնպես որ, հայկական թիմի առաջնային նպատակը պետք է լինի գոլ խփելն ու հուսալի պաշտպանվելը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան