Բաժիններ՝

«Խնդիրը ոչ միայն բյուջեի մուտքերի ծավալն է, այլև դրանց հետագա կայունությունը». Միքայել Մելքումյան

2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 միլիարդ դրամով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով՝ հեղափոխությունից առաջ խոստացել էր, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով:

Ինչի՞ հաշվին են ավելացել բյուջեի եկամուտները, 168.am-ը հարցի պատասխանը լսեց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանից: Վերջինս նշեց, որ խնդիրը ոչ միայն բյուջեի մուտքերի ծավալն է, այլև դրանց հետագա կայունությունը.

«Նախ պետք է ասել, որ մանրածախ կանխիկ դրամաշրջանառության ոլորտում ստվերը բավականին իջել է, դա փաստ է ( ՀԴՄ-ները խփել են), հաջորդն այն է, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում, երբ հեղափոխություն  էր, բազան իջել էր:  Անցյալ տարի մենք իջեցում ենք ունեցել այդ ամիսներին, բայց հաջորդ տարի այդքան աճ չի լինի, քանի որ ստվերն իջեցնելու տեղ քիչ կլինի,  և բազան բարձր կլինի. այն իրողությունները, որոնք եղել են տնտեսական գործընթացներում, արտահայտվում է:

Բայց այստեղ խնդիրը ոչ միայն բյուջեի մուտքերի ծավալն է,  այլև դրանց հետագա կայունությունն է, այսինքն՝  միշտ կարողանալո՞ւ ենք այդքան հավաքել»:

Տնտեսագետը տեղեկացրեց նաև, որ այդ մուտքերում բավականին դեր ունեն ՀՆԱ աճն ապահովող այնպիսի երկու կոմպոնենտ, որոնցի մեկը՝ ավտոներկրումների աննախադեպ մեծ ծավալն է. (օրական հիմա մտնում է 700-ից ավելի մեքենա, որոնց մեծ մասը գնում է ՌԴ և Ղազախստան), մյուսը՝ խաղադրույքները, և ըստ նրա՝ սա  աճի որակը լավ չի բնութագրում:

Մ. Մելքումյանը նշեց, որ կառուցվածքային տեսանկյունից աճի մասին խոսելու համար անհրաժեշտ է լուրջ վերլուծություն, բայց նկատեց, որ չի տեսնում այն աճը, որի մասին խոսվում է.  «Ես չեմ տեսնում, որ կառուցվածքային առումով մյուս ոլորտներում մենք այդ տեխնոլոգիական աճը, որ ասում ենք, հընթացս դա ունենք:  Ներդրումների ծավալ ես չեմ տեսել, որ ասեմ, ինչքան ներդրում է եղել այս  6 ամսում, քանի աշխատատեղ է առաջացել.  Ա՛յ, եթե այդ բաների հաշվին լիներ, կասեի, որ  կայուն աճը լինելու է»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս