«Լարին մոտ օրերս կամրապնդվի». Վրաստանի ֆինանսների նախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վստահություն է հայտել, որ երկրի ազգային արժույթը, որը մեկուկես ամսում արժեզրկվել է 6,6 տոկոսով, կամրապնդվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:

Եթե հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի՝ Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2,7871, ապա օգոստոսի 1-ի դրությամբ այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2,9718-ի: Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն եւ կառավարությունը կարծում են, որ լարին չափից ավելի է արժեզրկվել, եւ դա կապված է զբոսաշրջիկների քանակի կրճատման պատճառով արտաքին շոկի հետ:

«Կարող ենք վստահությամբ ասել, որ լարին կամրապնդվի, եւ դա տեղի կունենա մոտ ապագայում: Ես համամիտ եմ վարչապետի գնահատմանն այն առնչությամբ, որ լարին չափից ավելի է արժեզրկված»,- ասել է Մաճավարիանին: Նրա խոսքով միջին մակարդակի ցանկացած փորձագետ, որը քաղաքականապես օբյեկտիվ է, չի կարող ոչ մի օրինակ բերել ֆիսկալ կամ դրամական քաղաքականության մեջ, որը նպաստեր արժույթի արժեզրկմանը:

«Դա տեղի ունեցավ սոսկ այն իրադարձությունների պատճառով, որոնք լուրջ խնդիրների վերածվեցին զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաեւ կից հատվածներում: Համապատասխանաբար, դրան նաեւ ավելացան այն սպասումները, որոնք էլ ավելի «մռայլ» էին եւ էլ ավելի ծանր, քան ըստ էության այդ երեւույթները: Ի վերջո մենք ստացանք այս արդյուքը»,- նշել է Մաճավարիանին, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս