Բաժիններ՝

Ազնավուրի գիրքը գլխավորում է աղյուսակը. փաստավավերագրական

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ հունիսի վաճառքների:

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքն առաջին հորիզոնականում է: Այն Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ հեղինակի արխիվից:

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը, կարծես, խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Լուկա Կայոլիի «Նեյմար»-ը չորրորդ հորիզոնականում է: Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին մարզական բեսթսելերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ և ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ:

Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: «Իմ, ժամանակի ու Ռուսաստանի մասին՝ երկյուղալի անկեղծությամբ». գիրքն այսպես է բնորոշում հեղինակը: Գիրքը գրվել է 21 տարի առաջ, անգլերեն, ԱՄՆ-ում այն 12 շաբաթ մնացել է The New York Times թերթի բեսթսելերների ցանկում: Երկար սպասումից հետո միայն 2012-ին, հեղինակի կարծիքով, եկավ «Հրաժեշտ պատրանքներին» գրքի ռուսերեն տարբերակի հրատարակման ժամանակը: Հայերեն հրատարակվել է 2019 թ.:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել և հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Յոթերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կսովորի 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Ալան Դիբի «1-էջանոց մարքեթինգային պլան» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:

Իններորդ հորիզոնականում է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Տասներորդ հորիզոնականում է Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Այս զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս