
ՀՀ ՔԿ նախագահը Կրասնոյարսկում հանդիպել է ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի, Կրասնոյարսկի երկրամասում գլխավոր դաշնային տեսուչ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռեչիցկիի, ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար Ալեքսեյ Կալուգինի և Սիբիրի դաշնային համալսարանի ռեկտոր Սվետլանա Բասալևայի հետ:
Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսի հրավերով Հայկ Գրիգորյանը հանդիպել է Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողներին է ներկայացվել զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում «համատեղ հանցավոր գործողությունների» դոկտրինի դերն ու նշանակությունը:
Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ ՔԿ նախագահին: Վերջիններս, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման, այլ երկրների քննչական կոմիտեների հետ համագործակցության, ինչպես նաև՝ ՀՀ ՔԿ ծառայողների սոցիալական երաշխիքների մասին:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, միևնույն ժամանակ ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու տեսլականը:
Հանդիպման ավարտին Հայկ Գրիգորյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: