Բաժիններ՝

Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիները դեռ չեն վերադարձել Հայաստան 

«Ինչքան հնարավոր է՝ մեր կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում»,- 168.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիների խնդրին՝  ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և հայտնեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծվի:

Կապ հաստատեցինք նաև  Եգիպտոսում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանի հետ, ով  հայտնեց, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։

«Դեսպանության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,- հավելեց Ռաֆայել Մովսիսյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»:

Իսկ բանաստեղծ Վահե Արսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն 24 ժամ է, հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում՝ կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության»։

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

 

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս