Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտադրանք կա՞. «Մենք դրան չենք գնա»

8 տարի առաջ Ստամբուլում ընդունված ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացումը հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաշատ քննարկվող հարցերից է։ Հայաստանն այն ստորագրել է 2018թ. հունվարի 18-ին։ Ռուսաստանն ու Ադրբեջանն այն չեն ստորագրել, իսկ 11 երկրներ մինչ օրս չեն վավերացրել, այդ թվում՝ Հունաստանը, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, և այլն: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը կոնվենցիան ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Մեր երկրում մոտ մեկ շաբաթ առաջ «Կամք» հասարակական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել՝ կոնվենցիայի վավերացումը չեղարկելու նպատակով: Այս գործընթացը գրավել է նաև իշխանական պատգամավորների ուշադրությունը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը միացել է ստորագրահավաքին, Հովիկ Աղազարյանը խոստացել է ծանոթանալ կոնվենցիային և դիրքորոշում հայտնել։

«168 Ժամի» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշեց, որ 42 էջանոց փաստաթղթի միայն 8 էջն է դեռևս կարդացել և մի քանի օրից նոր կավարտի։

«Ինչ կարդացել եմ, ինձ համար հարց չի առաջացրել, բացի «գենդերային» բառը, որը պետք է ավելի լավ հասկանամ, բոլոր դեպքերում, ի՞նչ նպատակներով է կիրառվում։ Ընդհանուր առմամբ, ցավոք, շատ-շատերը երբեմն փաստաթղթերին չծանոթանալով՝ գնահատականներ են տալիս։ Ավելի լավ է յուրաքանչյուր ոք, որ իրեն իրավունք է վերապահում կամ ի պաշտոնե պարտավոր է կարծիք հայտնել, անպայման նախապես ծանոթանա փաստաթղթերին։ Մարդ կա՝ անհանգստանում է, որ սեռերի վերացում է պարտադրվում, և այլն, բայց դեռ պետք է կարդալ և հասկանալ՝ դա այդպե՞ս է, թե՞ այդպես չի»։

Հարցին՝ արդյո՞ք արտաքին ճնշումներ կան իշխանությունների վրա կոնվենցիան վավերացնելու հարցում, Հ. Աղազարյանը նշեց, որ չունի համապատասխան տեղեկատվություն, և հարցադրում արեց. «Բայց ինչի՞ պետք է արտաքին ճնշում լինի»։

Ըստ նրա՝ որևէ պարտադրանք մերժելի է. «Մենք դրան չենք գնա։ Ես նման բաներին դեմ եմ»։

Հ.Աղազարյանի կարծիքով՝ էական չէ, թե որ երկիրն է վավերացրել կամ չի վավերացրել կոնվենցիան. «Ես երբեք կողմնակից չեմ, որ եվրոպական, համաշխարհային ինչ-որ կոնվենցիա, փաստաթուղթ, մոտեցում մեխանիկորեն տեղափոխվի մեր հայրենիքի վրա։ Ես ընդհանրապես չեմ քաջալերում այդպիսի մոտեցումը, բայց մյուս կողմից էլ՝ չպետք է ամեն ինչին ձեռքներս բարձրացնենք ու դեմ լինենք։ Նախ՝ պետք է ուղղակի ծանոթանանք, տեսնենք՝ որքանով է դա մեր արժեհամակարգին հարիր, որքանով է մեր ժողովրդի մենթալիտետին համապատասխան, նոր որոշենք։ Մեխանիկական մոտեցումը մերժելի է։ Կուսումնասիրենք, կքննարկենք և համապատասխան եզրակացության կգանք։ Մեր խմբակցությունը դեռ չի քննարկել այս կոնվենցիան։ Կարծում եմ՝ նաև հասարակական լայն քննարկման առարկա կդարձնենք, որպեսզի մենք էլ կողմնորոշվենք։ Պետք է զգույշ և ուշադիր լինել՝ սխալներ թույլ չտալու համար»։

Ստորագրահավաքին միացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը, հ/կ-ների նախաձեռնություններից զատ, առաջին օրվանից դիրքորոշում արտահայտել է խնդրի շուրջ։

Նա չբացառեց արտաքին միջամտությունը փաստաթղթի վավերացման հարցում. «Հաշվի առնելով նախկինում և այժմ եվրոպական տարբեր աստիճանի գործիչների անուղղակի արտահայտությունները՝ ենթադրում եմ, որ կարող է՝ այս կամ այն կերպ լինեն ճնշումներ, բայց հստակ չեմ կարող պնդել։ Սակայն մենք ինքնիշխան պետություն ենք և մենք պետք է որոշենք՝ ինչն է մեզ համար կարևոր, ինչ մեխանիզմներ պետք է կիրառենք, որ կանանց նկատմամբ և ընտանիքում բռնությունը նվազեցնենք»։

«Անկախ ամեն ինչից, նախքան ԱԺ-ում քննարկվելը՝ կոնվենցիան պետք է գնա Սահմանադրական դատարան (ՍԴ) և ստանա եզրակացություն։ Խնդիրն այն է, որ կոնվենցիան օրակարգ չի էլ մտել»,- նկատեց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով ևս՝ բոլոր միջազգային պայմանագրերը պարտադիր ՍԴ-ում պետք է ստանան եզրակացություն, և եթե դա բացասական է, այսինքն՝ փաստթուղթը հակասահմանադրական է ճանաչվում, այն չի մտնում ԱԺ։ Նշելով, որ չի հասցրել ծանոթանալ կոնվենցիային, Տ.Սիմոնյանն արձանագրեց.

«Ամեն դեպքում կան որոշակի արժեքներ, որ հասարակության հիմքն են կազմում, և որքան էլ դրանք այլ հասարակությունների կողմից ավելի շատ ընդգծվեն, մեր հասարակության համար ընդունելի չպետք է լինեն, որովհետև մեր հասարակությունն այլ արժեքային հիմք ունի, իսկ իրավունքն առանց արժեքի չի կարող գոյություն ունենալ, որովհետև իրավունքն արժեքների վրա խարսխված երևույթ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031