Բաժիններ՝

«Ավելի լավ է գողանան, քան սպանեն». Ոստիկանության շտաբի պետ

ՀՀ ոստիկանությունում այսօր ասուլիսի ժամանակ ներկայացվեցին ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ այս ժամանակաշրջանում հանցագործություններն աճել են 9% կամ 1007 դեպքով՝ կազմելով 12250 դեպք, ինչը մեծապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1208, և հատկապես ոչ մեծ ծանրության գողությունների աճով՝ 984։

Ըստ նրա՝ եթե համադրենք այս թվերը, ապա աճի մոտ 95%-ը բաժին է ընկնում ոչ մեծ ծանրության գողություններին։

«Դեպքերի աճը պայմանավորված է նաև նրա հետ, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանությանը»,- ասաց Ա.Ղուկասյանը՝ նշելով, որ դիմումներն աճել են 16%-ով՝ կազմելով 109 087 դեպք։

Նրա խոսքով՝18.1% աճել են այն դեպքերը, որ կատարվել են նախկին տարիներին, բայց գրանցվել են այս ընթացքում՝ մոտ 500 դեպք։

Շտաբի պետը նշեց, որ դեպքերի քանակական աճի վրա ազդեցություն է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված անձանց կողմից նոր հանցագործությունների կատարման փաստը. ազատ արձակված շուրջ 650 անձնացից 88-ը հայտնաբերվել են կրկին հացագործություն կատարելու համար, և սա միայն բացահայտված դեպքերն են, հնարավոր է նաև նրանց կողմից կատարվել են հանցագործություններ, որ դեռևս բացահայտված չեն, ընդ որում՝ միջինում 1 անձի կողմից 2 հանցագործություն է կատարվել։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2019 թ. հունվարի դրությամբ 1248 կալանավոր քիչ է եղել, քան 2018 թ. հունվարին, այինքն՝ միայն համաներումով չի, մարդիկ դուրս են եկել նաև խափանման միջոց փոխելու և այլ միջոցներով։

«Նշված անձինք կատարել են բազմապիսի հանցագործություններ՝ սկսած սպանության փորձերից, մինչև ավազակություն, առողջությանը վնաս պատճառել, կողոպուտ, բայց մեծ մասը գողություններ են»,- շարունակեց Ա.Ղուկասյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կիրառված լայնածավալ միջոցառումների արդյունքում էականորեն կրճատվել է դրա տեմպը՝ մոտ 4 անգամ, մասնավորապես՝ տարեսկզբին եղել է հանցագործությունների 33% աճ, որն այսօր միայն 9% է։

Նա նշեց, որ այս ժամանակաշրջանում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով՝ կազմելով 134 դեպք, ինչը պայմանավորված է հիմնականում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, մաքսանենգության դեպքերի աճով, բայց դրական է, որ հենց սահմանին թմրամիջոցները հայտնաբերվում են և շրջանառության մեջ չեն մտնում։

Ա.Ղուկասյանը հայտնեց, որ աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը՝ 253-ով կամ 16.2%՝ կազմելով 1812, ինչն առավելապես պայմանավորված է բնակարանային գողություններով և կաշառքի թվի աճով, աճել են նաև սպանության և սպանության փորձերի, ավազակության, խարդախության, տրանսպորտային գողության դեպքերը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, յուրացման կամ վատնման և կողոպուտի դեպքերը։

Ա.Ղուկասյանը դրական համարեց այն, որ հանցավորությունների կառուցվածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է՝ 21.5%-ից դառնալով 16.4%, իսկ հանցագործությունների կեսից ավելին ուղղված են սեփականության դեմ։

Նա պարզաբանեց, որ համաշխարհային պրակտիկան է ցույց տալիս և Սահմանադրությամբ մարդու կյանքն ու առողջությունը համարվում են բարձրագույն արժեք.

«Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն»։

Նա նկատեց, որ այս ցուցանիշները համադրելի չեն նախորդ տարվա ցուցանիշների հետ, քանի որ փոխվել է հաշվառման մեթոդաբանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս