Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Բինգյոլի Քըղը, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», – ահազանգում է «Demokrathaber.org» լրատվակայքը։
Բինգյոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ – խմբ․) շրջանում դեռևս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմությունը տեղացիներին հայտնի չէ։ Եկեղեցու հարևանությամբ մզկիթ է կառուցվել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառույցը նախկինում հայկական աղոթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրություն է եղել, բայց այն տեղից հանվել է, փոխարինվել փայտի կտորներով։ Հայտնի է նաև, որ Ադաքլը շրջանում ևս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, ավերվել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպես մյուս հայկական եկեղեցիների դեպքում, չի խուսափել նաև գանձախույզների ավերիչ ազդեցությունից։
Հոդվածի հեղինակը, ով շրջել է Բինգյոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դեպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբյուրները, որոշ տների քարերն ու ճարտարապետության ոճը հուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամյա պատմություն են ունեցել»։
Բինգյոլի հայկական ճերմակ (այսօր՝ Յելդեյիրմենի) անվամբ գյուղում ևս մեկ կանգուն եկեղեցի կա։ Բնակավայրը, սակայն, լքված է։ Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն ևս Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել է գանձախույզների թիրախում, ապա երկար տարիներ գյուղացիների կողմից օգտագործվել որպես ախոռ։ Այսօր կառույցը լիովին անհետացման վտանգի տակ է։