Ներքին զորքերին Երևանի քաղաքապետարանի ավտոբուսներով են տեղափոխել Իջևան
Երեկ տեղեկացրել էինք, որ հուլիսի 16-ի առավոտից Իջևանում ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ մտնել անտառ և ծառահատումներ իրականացնել: Բեռնատար և մարդատար մեքենաների կիլոմետրերի հասնող հերթը 2 օր շարունակ խցանումներ էր առաջացրել։
Ցուցարարները երեկ դարձյալ փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ կրկին խցանման մեջ էին հայտնվել: Նրանք պահանջում էին հանդիպում պաշտոնատար այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Երեկ գիշերը, երբ ոստիկանության աշխատակիցները փորձում էին պատ կազմել և բացել ճանապարհը, կոշտ բախումները վերսկսվեցին։ Բողոքի դուրս եկած ցուցարարների կողմից նետված քարերի և փայտերի տարափից ոստիկանները հետ էին քաշվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ բախումից տուժած ոստիկանների և քաղաքացիների թիվը հասել է 25-ի։ Վիրավոր ոստիկանները գանգուղեղային և այլ վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Գիշերն իսկ սկսվել էին ձերբակալությունները։ Իջևան՝ դեպքի վայր էր գնացել ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Ըստ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանի՝ 36 հոգի պետք է բերման ենթարկվեին, սակայն ոմանք հասցրել են թաքնվել, փախչել։
Իջևանի մի բնակիչ, որը, ըստ իրեն, բռնության էր ենթարկվել ոստիկանների կողմից, լրագրողների հետ զրույցում պատմել էր տեղի ունեցած բախումների մասին:
«Դուռը դմփացնում էին, բացեցի, ներս եկան, ասացին՝ հագնվի, գնում ենք»,- պատմել է Իջևանի բնակիչը։ -Ինձ գցել են ու դրանից հետո գնացել են ախպորս հետևից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վնասվածք է ստացել գլխի, աչքի, թևի և մարմնի այլ հատվածներում:
Քաղաքացին պատմել է, որ ոստիկաններից մեկը տեղացի էր, մնացածին ինքը չի ճանաչել:
«Նստած էին, որոշում էին, որ արդեն Երևանից եկած բաժնի աշխատակազմը պետք է ժողովրդին վրա տա: Ասեցին, որ ժողովրդի վրա պիտի տան: Լույսերն անջատեցին, անցավ ընդամենը կես ժամ, եկան, սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրենց է ջարդել»,- պատմել է նա:
Ի պատասխան իշխանությունների հայտարարությունների, թե ժողովուրդն առաջինն է սկսել, նա ասել է, որ կան այդ մասին լուսանկարներ:
Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով՝ «Քննչական կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Գործերն ուղարկվել են դատարան: Անուններն ու պաշտոնները ես ֆիզիկապես չեմ կարող հիշել: Բիզնեսի տերերը բացահայտվելու են: Խորը քննություն է տարվելու, բոլոր գործերը բացահայտվելու են: Քրեական գործն իմ ձեռքի տակ չէ»:
Այսօր իրավիճակը թեպետ ավելի հանդարտ է, բայց լարվածությունը դեռ պահպանվում է։ Առավոտից ոստիկանական զորքեր են տեղափոխվում Իջևան՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։
Այս լուսանկարն արված է Իջևանի կենտրոնում, ու նրանում երևում է, որ ներքին զորքերին Իջևան տեղափոխելու համար փաստացի օգտագործվել են Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները։
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է որոշվել Քաղաքապետարանի ավտոբուսներով ներքին զորքերին Ւջևան տեղափոխել, ի՞նչ ավտոբուսներ են, քաղաքի երթուղիները սպասարկող գծերի՞ց են հանվել արդյոք։
Քաղաքապետի խոսնակը 168.am-ի այդ հարցի պատասխանը չուներ։ Խնդրեց առավոտյան զանգել, ապա ճշգրտեց՝ ավելի լավ է՝ հարցում ուղարկեք։
Նյութի հրատապությունը չկորցնելու համար մենք, իհարկե, այդքան չենք կարող սպասել, սակայն հարցում անպայման կուղարկենք ու պատասխանն էլ, իհարկե, կհրապարակենք: