ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին.խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Տավուշի մարզի գրեթե բոլոր համայքների ղեկավարները:
«Ունեցանք շատ անկաշկանդ և բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել դրանք: Այն ուղերձը և հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետևայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, և դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»,- ասաց Վանեցյանը:
Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ ԱԱԾ տնօրենի, այն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտագործել թափուկ փայտը իրենց տները ջեռուցելու համար:
«Առաջարկություն եղավ համայնքերի ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի թափուկ փայտը, հանի անտառից դուրս և համայնքի ղեկավարների միջոցով բաժանի մեր քաղաքացիներին»,- եզրափակեց Վանեցյանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: