Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Պենտագոնի այս քայլը ոչ մի օրինական հիմնավորում չունի, և դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նախարարության հայտարարության մեջ նշված է. «Այս միակողմանի քայլը չի համապատասխանում երկկողմանի դաշնակցային հոգուն: ԱՄՆ-ը միայն խոսքով չպետք է ցույց տա, որ կարևորում է Թուրքիայի հետ հարաբերություններն ու դաշնակցությունը, այլ նաև՝ գործով: Հատկապես ԻՊ-ի, ՔԱԿ-ի (PKK), գյուլենականների դեմ պայքարի մեջ է անհրաժեշտ դա ապացուցել»:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն էր, ինչին ԱՄՆ-ն ի սկզբանե դեմ էր: