Ինչ են ակնարկում ՀՀ իշխանությունները
Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, երեկ նախաքննական մարմինը նրան և ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանք է առաջադրել ոմն քրեական անցյալ ունեցող գործարար Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Ներկա պահին Ռուսաստանում քննության տակ գտնվող Պարազյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, թե Նարեկ Կարապետյանը բռնություն է գործադրել իր նկատմամբ և 10 միլիոն դոլար պահանջել: Ի դեպ, Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Ռուսաստանում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար: Ըստ մեր աղբյուրների՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանն իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքն իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանն աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո նա սկսել է հարցազրույցներ տալ` ներկայանալով զոհի կարգավիճակում: Պարազյանը փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից և ավելի քիչ պատիժ ստանալ 2015թ. գործած հանցագործության համար։ Խոսքը ռուսաստանաբնակ գործարար Գարիկ Մարգարյանին առևանգելու և դրամաշորթության մասին է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը հետաձգվել է մինչև 2016թ., որում, ըստ տեղեկությունների, դերակատարում է ունեցել Պարազյանի հայրը` Աշոտ Պարազյանը, և նրա կապերը։ 2018թ. փոխել են նրա նկատմամբ խափանման միջոցը։ Քրեական գործը 2019թ. հուլիսին հասել է դատարան։ Հետևաբար՝ Պարազյանը պետք է վերադառնա Ռուսաստան, երբ դա պահանջի դատարանը։
Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և Պարազյանի պնդումներն իրականության հետ որևէ աղերս չունեն: «Բացարձակապես սուտ է, մեղադրանքը բացահայտ ապօրինի է և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նարեկ Կարապետյանն իրեն չի ծեծել, գումարներ չի պահանջել։ Ցավալին այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն ընդամենը մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդուն մեղադրանք է առաջադրում։ Այլապես, ըստ Քննչական կոմիտեի տրամաբանության՝ այսօր ցանկացած անձի դեմ, երբ ուզեն՝ կարող են մեղադրանք առաջադրել ինչ-որ մեկի զրպարտանքի հիման վրա։ Այդ մեղադրանքը բողոքարկել ենք հանրապետության գլխավոր դատախազին։ Հույս ունենք՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բոլոր հարցերը կստանան իրենց իրավաչափ պատասխանները»,- ասաց փաստաբանը։ Ի՞նչ են այսպիսով ՀՀ իշխանություններն ակնարկում Սամվել և Կարեն Կարապետյաններին, ովքեր տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների հասնող բարեգործական և բիզնես նախագծեր են իրականացրել և շարունակում են իրականացնել՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Արցախում, երբ քրեական անցյալ ունեցող, Ռուսաստանում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար մեղադրվող մի անհայտ գործարարի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվում։ Ի դեպ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն Ռուսաստանի ամենախոշոր գործարարներից է, այլև ՌԴ իշխանությունների ամենավստահելի անձանցից մեկը։