
Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը բյուջեի վրա կնստի 60 հազար դոլարից ավելի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունից երեք առանցքային պաշտոնյա այս պահին Վաշինգտոնում են՝ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Զոհրաբ Մնացականյանը։ ԱԺ 9 հոգանոց պատվիրակությունը 10-12 օր մնալու է ԱՄՆ-ում: Ի՞նչ գումար է դա նստելու հայոց բազմաչարչար բյուջեի վրա՝ հարցրինք ԱԺ-ից։
ԱԺ յուրաքանչյուր ֆրակցիայից մեկական անձ է մեկնել՝ Արման Աբովյան, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլից»՝ 2․ Լիլիթ Մակունցն ու Աննա Կարապետյանը` Արարատ Միրզոյանի նախկին օգնականը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Մյուս չորսն «օժանդակ» պերսոնալն է՝ Վահան Կոստանյան, արտաքին կապերի վարչության պետ, արարողակարգի ներկայացուցիչ, օպերատոր։
«Ընդհանուր ճանապարհածախսը կազմել է 17 մլն 255 հազար 165 դրամ, օրապահիկը՝ 4 մլն 399 հազար, իսկ գիշերավարձի թվային ընդհանուր պատկերը դեռ չունենք»,- ասացին ԱԺ-ից:
Ի դեպ, ըստ կառավարության ընդունած չափորոշիչների, գիշերավարձը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 218 դոլար, ասել է` ընդհանուր գիշերակացը կկազմի մոտ 10 մլն դրամ: Ու եթե ելնենք նույն չափորոշիչներից, որով օրապահիկը Վաշինգտոնի համար նախատեսված է օրը 145 դոլար, ապա օրապահիկի ասված թվերը չեն համապատասխանում «իրականությանը»:
Անգամ իրենց ներկայացրած թվերով՝ գումարած գիշերակաց, բյուջեի վրա Արարատ Միրզոյանի այցը կնստի 60 հազար դոլարից ավելի: Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են` Արարատ Միրզոյանի դեպքում հանդիպումների շատ բարձր մակարդակ գոնե այս պահին չկա։ Երեկ միայն հաղորդեցին, որ Միրզոյանին ընդունել են ՀՀ դեսպանությունում, եւ նա հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ` դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: