«Սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով». Արամ Վարդևանյան
Իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել՝ իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:
Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ են և փաստացի ընդունվել են. Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում: Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ:
Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:
Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի «անդամ» «դատավոր» եզրույթի շահարկման վերաբերյալ, պարզապես արձանագրեց` «Սահմանադրական դատարանի դատավորներ» եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով: Վերջերս շատ է օգտագործվում «սահմանադրի կամքը» եզրույթը:
Հարգելի գործընկերներ՝ սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը): Բնական է այս մասին բազմիցս հայտարարվել էր, և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:
Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում.
1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես Հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունը անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների:
2) Քննարկել՝ Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը»: