«Ամենատխուրն այն է, որ մարդկանց, հասարակության վստահությունը չի վերականգնվում դատական իշխանության հանդեպ, ավելին՝ հիասթափությունը կմեծանա»
Հարցազրույց նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ
– Պարոն Օհանյան, Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) արձանագրության մեջ նշված է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Նաև իշխանության ներկայացուցիչները, կարծես, սկսել են խուսափել «վեթինգ» բառից, կիրառում են «բարեվարքություն» տերմինը։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը։
– Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ այդ որոշումն իշխանություններն ավելի վաղ էին կայացրել, կամ եթե չէին էլ կայացրել, համենայն դեպս՝ վեթինգի մտքից հրաժարվելու մտադրություն ես ավելի վաղ եմ նկատել, օրինակ՝ հեռուստացույցով մի հաղորդման ժամանակ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ օրերի հարց է, որ օրենքը դուրս գա, բայց հետո լռեցին։ Եվ հասկացա, որ ինչ-ինչ քաղաքական կամ իրավական մոտեցման արդյունք է։ Ես արդեն համակերպվել էի, որ հատուկ ինչ-որ բան չի լինի։ Ամեն դեպքում, կարծում եմ, ինչ-որ գործընթաց կլինի, այլ հարց է՝ ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով, ինչ իրավական հիմքով։
– ՎՀ-ն էլ ասում է՝ համաձայնության են եկել ՀՀ իշխանությունների հետ, որ վեթինգի փոխարեն՝ պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը։
– Այո, ՎՀ-ն էլ է այդպես խորհուրդ տվել, որ դատական օրենսգրքում փոփոխություն անեն ու այդպես գնա գործընթացը, այսինքն՝ կրկին վեթինգ է լինելու, կարևոր չէ, թե անունն ինչ է դրվում, դա տեխնիկական հարց է։
– Բայց Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում հստակ հրահանգել էր վեթինգ իրականացնել։ Փաստորեն՝ վարչապետի հանձնարարականը չի՞ կատարվում։
– Դա մի քիչ քաղաքական հարց է։ Հրահանգ, թե ցանկություն, թե տեսլական… ինչ գնահատական ուզում եք՝ կարող եք տալ, բայց կարծում եմ, որ այդպես չի մնա, ինչ-որ բան կարվի, և երևի բարին էլ դա է։ Ինչքան վիրահատական՝ այնքան ցավոտ։ Եթե հնարավոր է ոչ վիրահատական, այլ թերապևտիկ միջոցներով անել, ինչո՞ւ չէ, թող լինի այդպես։ Վերջին հաշվով՝ ես միշտ ասել եմ, որ հարցն անձերի մեջ այնքան էլ չի, իհարկե, կան մարդիկ, որ պետք է դատարանում չլինեն, բայց այդ մարդկանց բոլորն են ճանաչում, և հարցը դա չէ։ Բայց ես հիմնականում շատ անհանգիստ եմ, որ չի արվում համակարգային փոփոխություններ, մասնավորապես՝ սկսած նրանից, որ նախկին քրեական արդարադատության մինչդատական վարույթը՝ նախաքննություն կոչվող փուլը, ամբողջովին պետք է փոխվի, վերանայվի, այսինքն՝ բավարար է հետաքննությունը և դատաքննությունը՝ առանց նախաքննության, քանի որ դատարանները, ըստ էության, վերածվել են քննիչների որոշումները վավերացնող մարմինների, և այլն։
– ՎՀ-ն նաև ասել է, որ ողջամիտ չի Սահմանադրական դատարանի «անդամ»-«դատավոր» բառախաղը և ՍԴ դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը համարել է «հստակ» ու «աներկբա»։ Դուք էլ, կարծես, գտնում էիք, որ անդամներ չպետք է լինեն, պետք է դատավորներ լինեն։ Այս թնջուկն ինչպե՞ս պետք է լուծվի։
– Ես առաջարկել եմ մի քանի տարբերակ, մասնավորապես՝ ԱԺ-ն համապատասխան իրավական և քաղաքական գործընթացի արդյունքում կարգավորի այդ հարցը։ Ակնհայտ է, որ պետք է լուծում տրվի, ոչ թե պարզապես այսպես թողնել և հաշտվել ՎՀ պարագայում այդ կառույցի խորհրդի հետ։ Իմ կարծիքով՝ հարցը պետք է բարձրացնել ԱԺ-ում ու 213 հոդվածում փոփոխություն անել։ Սա իրավական է։ Բայց իրավականն այստեղ վերջացավ, դրանից հետո քաղաքական է։ Ի՞նչ պետք է արվի։ ԱԺ-ն, առաջին հերթին՝ փոփոխություն անելով 213 հոդվածում, կարող է ասել, որ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել՝ որպես դատավորներ, և ընդունի փաստը, հաստատի այդ իրավաբանական փաստը։ Կամ, եթե ավելի առաջ կուզի գնալ քաղաքական իր կամքի մեջ, ապա կարող է՝ «որպես դատավորներ»-ից հետո շարունակել՝ համապատասխան օրենքով սահմանված կարգով վերընտրվելուց հետո։ Այս դեպքում, իհարկե, հարց կառաջանա՝ այդ փոփոխությունը հետադարձ ուժ կունենա՞, թե՞ ոչ, կամ՝ ՎՀ-ում կամ միջազգային տարբեր կառույցներում ի՞նչ դժգոհություններ ու հարցեր կծագեն քաղաքական իմաստով, բայց ամեն դեպքում քաղաքական իշխանության լայնախոհության ու դիվանագիտության հարց է։ Դա իրենք պետք է որոշեն՝ ինչ անել, բայց մի բան պարզ է՝ պետք է հարցը լուծվի, չի կարող այսպես անորոշ մնալ։
– Բայց այդ հարցը լուծելու գնդակն ո՞ւմ դաշտում է՝ կառավարությա՞ն, որի իրավասությունն է այս պահին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը, թե՞ ԱԺ-ի։
– Ոչ, կառավարությունն անելիք չունի։ ԱԺ-ն պետք է լուծում տա։
– Եթե պետք է ԱԺ-ն լուծում տա, բայց ԱԺ-ն էլ գնացել է արձակուրդ, սեպտեմբերին նոր կվերադառնան, փաստորեն՝ այսպես մնալու է մինչ այդ։ Որքա՞ն կարող է ՍԴ-ում այս իրավիճակը ձգձգվել։
– Մի կողմից, կարծես, եթե ոչ՝ փակուղի, ապա՝ անորոշ վիճակ է առաջացել։ Ամենատխուրն այն է, որ մարդկանց, հասարակության, ժողովրդի վստահությունը չի վերականգնվում դատական իշխանության հանդեպ, ավելին՝ հիասթափությունը կմեծանա։ Եվ այստեղ մի շատ լուրջ խնդիր կա իշխանությունների առաջ, որ պետք է լուծեն, իսկ թե ոնց կլուծեն, Աստված գիտի։ Ես, օրինակ, կարծում եմ, որ արձակուրդ չպետք է գնան, եթե գնացել են, պետք է հետ գան։ Ի՞նչ արձակուրդ՝ այս նորատունկ պետության պարագայում, եթե հեղափոխությունը նուրբ սածիլային վիճակում է, ի՞նչ արձակուրդ։ Իրենց ձեռքում է՝ արձակուրդ գնա՞լ, թե՞ ոչ։ Թող հերթով գնան արձակուրդ։ Աբսուրդ է այս իրավիճակում, այսպիսի անհանգիստ տարածաշրջանում, որ ամեն վայրկյան կարող են լինել ամեն տեսակ անսպասելի զարգացումներ, էլ չեմ ասում երկրի առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ իրավական, գնում են արձակուրդ ամբողջ կառույցով, ինչպե՞ս կարելի է։ Դա ողբերգություն է և հիմարություն։ ԱԺ-ն միշտ պետք է աշխատի, միշտ։
– ՎՀ-ն մտահոգիչ է գնահատել ՀՀ խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ողջունելը։
– Կախված իրենց մոտեցումից՝ դա բնական է։ Բայց որևէ խնդիր չեմ տեսնում այդտեղ, որովհետև եթե իմ նշած ճանապարհներից մեկով հարցը կարգավորվի, ամեն ինչ իր տեղը կընկնի։
– ՎՀ-ի այս կարծիքին հետևելը պարտադի՞ր է, թե՞ ոչ, եթե չհետևեն, ի՞նչ հետևանք դա կունենա։
– Գիտեք, ինձ էլ է դա հետաքրքրում՝ որպես քաղաքացու։ Բայց ՀՀ-ն ԵԽ անդամ է, իսկ Հանձնաժողովն էլ ԵԽ-ի խորհրդակցական մարմին է, բնականաբար, մենք չենք կարող հաշվի չառնել դրա կարծիքը։ Բայց մյուս կողմից էլ՝ որպես հայ քաղաքացի, որպես հեղափոխական, 80%-ը ոգևորված էր հեղափոխության պտուղներից, շատերը հարց են տալիս, և երևի թե դրա մեջ ճշմարտության հատիկը բավականին մեծ է, թե՝ բա այսպիսի հեղափոխություն կլինի՞։ Հեղափոխությունը՝ հեղափոխություն, էլ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ի՞նչ կապ ունի։ Երբ հեղափոխություն էիք անում, ՎՀ-ի կարծիքը հարցնո՞ւմ էիք՝ անե՞լ, թե՞ չանել, կամ՝ երբ վարչապետ էիք ընտրում, ՎՀ-ին հարցրե՞լ էիք՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, կարծիքը հաշվի առե՞լ էինք, թե՞ ոչ։ Այնպես որ, եթե մարդիկ այդպես մտածեն, նրանց դատելու իրավունք չունենք։ Իսկ թե որն է ճիշտը, ինչպես ասում են՝ կյանքը ցույց կտա։