Բաժիններ՝

«Անասնաֆերման» առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. հունիս, 2019

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Աննը Ֆրանկի օրագիրը՝ «Հետնատունը», երկրորդ հորիզոնականում է: Այս գիրքը Աննը Ֆրանկի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչև 1944 թ. օգոտոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Թարգմանիչ՝ Աննա Մարիա Մատտաար:

Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը երրորդ տեղում է: Այն Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը: Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին: Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը:

Չորրորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Հինգերորդ տեղում է բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Վեցերորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» յոթերորդ տեղում է: Վեպը համաշխարհային ճանաչում ունի։ Այն սովորական դետեկտիվ չէ։ Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի։ Այստեղ ներկայացվում է 1920-30-ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչո՞ւ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս է առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Ղազարյան:

Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը ութերորդ հորիզոնականում է: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկյան գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:

Տասներորդ տեղում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս