Վրաստանի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ երկրի պրագմատիկ քաղաքականության մասին
Թբիլիսին ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին՝ պրագմատիկ հարաբերություններ պահպանելով Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Դատարկ շահարկումներ են ընդդիմության այն պնդումները, թե իբր գործող իշխանությունները ցանկանում է հրաժարվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգծից: Նման պլան չկա: Նույնիսկ եթե ամեն ինչ մի կողմ թողնենք, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չկա նման որոշումներ ընդունելու համար», – ասել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։
«Մենք քանիցս հայտարարել ենք, որ հենց Բրյուսելում սեղանին դնեն Վրաստանին Եվրամիություն ընդունելու մասին փաստաթուղթը, մենք անմիջապես կստորագրենք այդ փաստաթուղթը, բայց մենք չենք տեսնում պատասխան արձագանք։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ապա պարզվել է, որ իրականում ամեն ինչ այդպես չէ», – հավելել է վարչապետը։
Խոսելով Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականության մասին՝ Կոբախիձեն հայտարարել է, որ այս հարցում կան կարմիր գծեր, որոնք «կապված են բռնազավթման հետ»։
«Քանի դեռ մեր պատմական տարածաշրջանների 20 տոկոսը բռնազավթված է, հնարավոր չէ փոխել ստատուս քվոն, այդ թվում՝ նաև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Դրա հետ մեկտեղ մենք առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և շարունակում ենք պրագմատիկ քաղաքականություն վարել։ Մեր նպատակը հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելն է», – ասել է Կոբախիձեն։
