Բաժիններ՝

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներին մինչև չորեքշաբթի ժամանակ են տվել՝ գործադուլը դադարեցնելու համար

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները, մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիա-գործադուլ են իրականացնում: Նրանք կոմբինատի տնօրինությունից պահանջում են իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:

Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանի խոսքով՝ հուլիսի 2-ից տեղի ունեցող բողոքի ակցիան հանգեցրել  է կոմբինատի աշխատանքի դադարեցման:

«Աշխատանքների պահանջների հիմքում իրենց իրավունքների պաշտպանությունն է: Կա աշխատավարձի խնդիր, որը կամ չի վճարվել, կամ ոչ պատշաճ է վճարվել: Այսինքն՝ կա խնդիր, որը կարևոր է, իսկ կոմբինատի աշխատանքի դադարեցումը օգուտ չէ թե՛ աշխատակիցների, թե՛ Մեղրու ու Ագարակի բնակիչների, թե՛ պետության համար: Պետք է գտնել այնպիսի լուծում, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան, ու կոմբինատի աշխատանքը չդադարեցվի, դա շատ կարևոր է, վնաս է հասցվում պետությանը: Եթե հաշվեն ամենօրյա վնասը, ապա դա մեր ունեցած տվյալներով՝ 10.000 դոլար է կազմում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Փահլևանյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս, օրինակ, կմեկնաբանի աշխատակիցներին  արտաժամյա և վտանգավոր աշխատանքների դիմաց չվճարելը, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահը պատասխանեց.

«Միջին աշխատավարձը 300.000-ից բարձր է: Այստեղ հարց է՝ որքանո՞վ է վտանգավոր աշխատանքն այստեղ ներառված: Պետք է ուսումնասիրություն կատարել ու լուծել այս հարցը: Բարձրացված բոլոր հարցերն ուշադրության կենտրոնում են»:

Մեր այն դիտարկմանը, որ կոմբինատի աշխատակիցները նաև աշխատանքային անվտանգ միջավայրի հարցն են բարձրացրել, ավելին, հայտնել են, որ, երբ սկսվել են ահավոր քարաթափումներ մի քանի հատվածներում, իրենք այդ հարցերով դիմել են  տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի պետ  Կոզլովսկուն, քանի որ նա է իրենց անմիջական ղեկավարը, իսկ նա ասել է՝  «Հիմա դա է, ուզում եք՝ աշխատեք, չեք ուզում՝ մի աշխատեք, մեր պայմանները սա են», Էդուարդ Փահլևանյանը նշեց.

«Չեմ ուզում մեկնաբանել, թե ով ինչ ասաց, որովհետև ներկա չեմ գտնվել, ավելին՝ գնահատական տալը կխանգարի  գործընթացի կարգավորմանը: Ինչ վերաբերում է անվտանգ պայմաններին, ապա դա շատ կարևոր է: Ցավոք,  հաճախ մահվան դեպքեր են գրանցվել»:

Նրա փոխանցմամբ՝ ստեղծվելու է հանձնաժողով, որին կմասնակցեն ներկայացուցիչներ կառավարությունից, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից», արհեստակցական կազմակերպություններից:

«Կոմբինատի աշխատակիցները տեղյակ են ստեղծվող հանձնաժողովի մասին: Մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը  նրանց ժամանակ է տրված, որպեսզի որոշում  ընդունեն՝ գործադուլը դադարեցնելու համար: Աշխատակիցներն ասում էին՝ եթե  սկսենք աշխատել, վստահ չենք, որ բարձրացված հարցերը կարող են ուսումնասիրվել ու  լուծվել, բայց հիմա կա հանձնաժողով, որին մասնակցում է նաև կառավարությունը: Հանձնաժողովը կգործի, երբ աշխատակիցները որոշում ընդունեն»:

Հավելենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը պարզելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 2-ի N01/6200-19 որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ներկայումս ընկերությունում իրականացվում է զննում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս