Բաժիններ՝

Անպտղությամբ տառապող զույգերի հետ կապված 2015 թվականի որոշումը վերագործարկելու համար ուղարկվեց լրամշակման

Այսօր գործադիրը նիստում քննարկեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է դեռևս 2015 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ, որոնք լուծելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրականացման մեխանիզմները, հստակեցնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք վերապահված շահառուների իրավական կարգավորումները: Ըստ այդմ՝ օրենսդրորեն կամրագրվի բնակչության որոշ խմբերի անպտղության բուժման և հաղթահարման նպատակով կիրառվող անպտղության պատճառագիտության հետազոտում ու բուժում, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման կարգն ու պայմանները:

«Այս ծրագրով ի՞նչ ենք փոխում մարդկանց կյանքում»,- հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ա.Թորոսյանը պատասխանեց, որ նոր ծրագիր են սկսում, հստակեցվել է շահագրգիռ անձանց թիվը:

Ն.Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր շահառուները կկարողանա՞ն օգտվել ծրագրից, թե՞ տարվա կեսից գումարը կրկին չի բավականացնի:

Նախարարը նշեց, որ լինելու է հերթագրում, և ոչ բոլորն են համապատասխանելու ծրագրի պահանջներին:

«Պարզ է, որ ոչ բոլոր անպտղությամբ տառապող զույգերն են, որ այս ծրագրի շահառու են, այսինքն՝ կան որոշակի սոցիալական խմբեր»,- ասաց Ն. Փաշինյանը՝ կրկին հարցնելով՝ կկարողանա՞ն բոլոր շահառուներին սպասարկել:

Ա.Թորոսյանը նշեց, որ նույն տարվա մեջ բոլորին չեն կարողանա սպասարկել, սակայն տարեկան առնվազն 85 զույգի կկարողանան արտամարմնային բեղմնավորում իրականացնել:

«85 զույգը նշանակում է՝ պոտենցիալ շահառուների շատ չնչին մասին ենք մենք իրականում սպասարկելու»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե ինչպես է հերթագրումն արվելու, ոնց է որոշվելու՝ ով է 4-րդը, 10-րդը, 15-րդը:

Ըստ նրա՝ հենց այս խնդիրների պատճառով է ծրագիրը նախկինում դադարեցվել, որովհետև տարեկան 200 մլն դրամ էր հատկացվում, ու շատ քչերն էին հայտնվում ցուցակում՝ կրկին ծանոթ-խնամի-բարեկամով:

«Մենք նոր ծրագիր ենք սկսում, որ բազմաթիվ ընտանիքների կարող է պարգևել երեխա՝ անկախ նրանից, որ դրանք չեն լինի այն բոլոր ընտանիքները, որոնք ուզում են երեխա, հատկապես՝ բոլորի մոտ, միևնույն է, չի էլ ստացվում: Այսինքն՝ ծրագիրը միանշանակ դրական է, հատկապես՝ քաղաքական մեսիջինգի առումով, որ պետությունը գումար է ծախսում նաև օժանդակ վերարտադրողական թանկ տեխնոլոգիաներով ընտանիքներին օգնելու»,- ասաց Ա.Թորոսյանը:

Ըստ նրա՝ թվով 6 մասնագիտական կենտրոններում հանձնաժողովներ կլինեն, որոնք, ըստ ներկայացվող պահանջների և ցուցումների՝ կընտրեն զույգերին, և նրանք չեն կարող հազարներ լինել, այլ կլինեն հարյուրներ, որոնց ըստ դիմելիության՝ կսպասարկեն:

Վարչապետը նշեց, որ ծրագրի մասին իմանալով՝ մարդիկ հազարներով կդիմեն, և պետք է շատ լավ բացատրել, թե ծրագիրն ում վրա է տարածվում, ում վրա՝ ոչ, որպեսզի մարդիկ մերժում չստանան ու խաբված լինելու զգացում չունենան: Նա հարցադրում արեց՝ կա՞ արդյոք գնահատական, թե քանի շահառու է լինելու, և նշեց, որ, եթե, օրինակ, լինի 4000 շահառու, ապա նրանցից 80-ի ընտրությունը կրկին ծանոթ-խնամի-բարեկամ սկզբունքով է լինելու. «Ո՞նց է էդ 80-ը որոշվելու: Էդ 80-ը որոշվելու է կոռուպցիայով: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա»:

Ա. Թորոսյանի խոսքով՝ 4000 թվի մասին խոսք չի կարող լինել, այլ մի քանի հարյուր հոգի է լինելու, իսկ տվյալներ չկան, քանի որ չի եղել ծրագիր, որ դիմելիություն լինի և կարողանան գնահատել: Ըստ նրա՝ հերթագրումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. «Կրետերիաներն այնպես են դրված, որ գումար չվատնվի, որովհետև կարող է զույգերը ուզենան շատ անել, բայց մենք ունենք բժշկական ստատիստիկա, որ եթե 2 անգամ չի ստացվում, 3-րդ անգամ չի արվում: Այսինքն՝ ինքը բավական կենսունակ ծրագիր է միանշանակ»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ հնարավոր չէ բժկական բոլոր ծառայություններն անվճար դարձնել, և պետք է ընդհանրապես տվյալներ ունենալ, թե արդյոք կառավարությունն ի վիճակի՞ է իր վրա վերցնել այսպիսի ծրագիր.

«Կարող է՝ դրա կարիքն ամենևին չկա, և էդ էն մարդիկ են, ովքեր ի վիճակի են իրենց առողջապահական ծախսերը հոգալու: Ինչո՞ւ պետք է կառավարությունն այդ խնդիրն իր վրա վերցնի, այն էլ՝ այս անորոշ չափով»:

Ա.Թորոսյանը պատասխանեց, որ ծրագիրն արդեն հաջորդ բյուջեում է, նոր չի հնարվել, նաև ՄԾԺԺ-ում է, ու որևէ անորոշություն չկա, ծրագիրը մարդու իրավունքների հարց է լուծում, ոչ թե դեմոգրաֆիական:

Ն.Փաշինյանը կրկին հարցադրում արեց, ինչպես է հերթագրումն արվելու, որ շահառուն խաբված չլինի, եթե հերթագրվի, բայց մինչև իր հերթը հասնի՝ տարիքային շեմն անցնի, ու դադարի շահառու լինելուց: Նա հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից և պետք է լրամշակել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս