Արսեն Թորոսյանը պարգևատրել է պրոֆեսոր Ակիրա Իշիյամային
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ճապոնիայի Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային և կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի ծրագրի մյուս կազմակերպիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց` շարունակական և կայուն աջակցության համար, որով կյանքի է կոչվում կոխլեարի իմպլանտացիայի ծրագիրը Հայաստանում:
Սրկրինինգային ծրագիրը ներդրվել է 2008թ.-ից և գործում է մինչ օրս: AIMF ֆոնդի ֆինանսավորման միջոցով հնարավորություն է եղել ձեռք բերել համապատասխան սարքերը և անհրաժեշտ պարագաները:
Ծրագրի նպատակն է օգնել լսողության խնդիր ունեցող հայ մանուկներին` հնարավորություն տալ նրանց լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվել հասարակության մեջ որպես նորմալ զարգացող երեխա:
Կողմերը քննարկել են խլության վաղ հայտնաբերման և նորածինների լսողության սկրինինգային ծրագրի իրականացման հարցերն ու հեռանկարները:
Պրոֆեսոր Ակիրա Իշիյամային առաջարկել է մշակել և վարել այնպիսի քաղաքականություն, որը կերաշխավորի ծրագրի պատշաճ իրականացումը: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարության հետ մշակվել են այդ խնդիրների վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կարելի է կիրառել նաև Հայաստանում:
Քննարկվող մեկ այլ հարցերից էր Հայաստանում խլության վաղ հայտնաբերման և արագ միջամտության մշակույթի պակասը:
Կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սկրինինգային ծրագրի արդյունքում` Հայաստանում լսողության խնդիր ունեցող 100-ից ավելի երեխաներ և մեծահասակներ վիրահատվել են:
«Հույս ունենք, որ ավելի շատ երեխաներ կկարողանան լսել և խոսել իմպլանտացիաների և մեր շարունակական աջակցության շնորհիվ», – ասել է Արսեն Թորոսյանը:
«Հանդիպման ավարտին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին ցուցաբերած շարունակական բժշկական աջակցության, Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկար տարիների բարեգործական աշխատանքի համար Ծանրալսության և հաղորդակցության խանգարման ազգային ինստիտուտի (NIDGD) ղեկավար, AIMF ֆոնդի փոխնախագահ, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային (Akira Ishiyama) հայտարարել է շնորհակալություն և պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ: