Բաժիններ՝

Բակո Սահակյանը պարգևատրել է գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների 2018 թվականին գերազանցությամբ ավարտած շուրջ 102 շրջանավարտների դիպլոմների հանձնման և պարգևատրման հանդիսավոր արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի մայր բուհն ավարտած 85 և Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ավարտած 17 ուսանողներին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը դիպլոմների հետ միասին հանձնել է նաև դյուրակիր համակարգիչներ, ինչպես նաև 100 հազարական դրամ:

ԱՀ նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթնել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Դիմելով ուսանողներին՝ Բ. Սահակյանը մասնավորապես ասել է. «Գերազանցության դիպլոմներ ստանալը կարևոր ձեռքբերում է ձեր կյանքում, որը անպայման կհանդիսանա հետագա հաջողությունների հիմքը: Մենք անչափ ուրախ ենք, որ ունենք նման երիտասարդներ, որը ճիշտ ուղի է ընտրել իր համար սովորելու, կրթվելու, ժամանակակից գիտելիքներով զինվելու համար: Մեր երկրում տարեցտարի ավելանում են ժամանակակից պայմաններին համապատասխանող կրթական հաստատությունների թիվը, շարունակական աշխատանքներ են տարվում դրանց շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ, ուսման մակարդակի բարձրացման ծրագրերի ներդրմամբ: Պետության կողմից հնարավորություններ են ստեղծվում շնորհալի երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն բուհերում՝ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, հետագայում դրանք ծառայեցնելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին»:

Արարողությանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ևս շնորհավորել է շրջանավարտներին և ասել, որ կրթության մեջ ձեռքբերումներն արժևորելու հետագա հաջողությունները խրախուսելու ձևավորված նման ավանդույթը վկայում է Արցախում կրթության ոլորտի առաջնահերթության և կարևորության մասին:

«Մասնագիտական կրթությունը մեր երկրում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որը պետք է ապահովի անցումը որակական նոր մակարդակի: Դրան է միտված պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որը մեկնարկել է նախորդ տարի՝ հնարավորություն տալով մեր բուհերին ինքնագնահատման և ինքնավերլուծության միջոցով վեր հանել առկա խնդիրները և մշակել բուհի զարգացման ռազմավարական նոր ծրագրեր»,- մասնավորապես ասել է ԿԳՍ նախարարը:

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Էլեոնորա Հասրաթյանն իր խոսքում ասել է, որ ուսումնառության 4 տարիների ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքներն ուղղորդվել են բուհի դասախոսների օրինակով և պատգամներով:
«Մենք Արցախի զինվորներն ենք, և մեր գիտությունը այն ուժն է, որով պետք է կերտենք մեր երկրի խաղաղ ապագան: Մեր ձեռքբերումների համար մենք շնորհակալ ենք մեր դասախոսներին, իսկ մեր երկրի խաղաղ ապագայի համար շնորհակալ ենք մեր հարազատներին: Թո´ղ խաղաղությամբ բացվեն Արցախ աշխարհի ամեն մի առավոտը և մենք՝ գիտության զինվորյալներս, կերտենք մեր երկրի առողջ ապագան»,-մասնավորապես ասել է Է. Հասրաթյանը:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նորա Գարաքյանն էլ իր ելույթում ասել է, որ 2019 թվականի հուլիսի 4-ն իրենցից շատերը դեռ երկար են հիշելու, քանի որ բարձրագույն կրթության դիպլոմ ստանալը կյանքի ուղու ընտրության և սեփական ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացման մի նոր փուլ է:

«Դեռևս 2015 թվականին ընդունվելով ԱրՊՀ, ես անգամ չէի կարող պատկերացնել, որ մայր բուհը կավարտեմ գերազանցության դիպլոմով և կարժանանամ այն պատվին, որ այն անձամբ ինձ կշնորհի ԱՀ նախագահը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Բակո Սահակյանին նախագահական նստավայրում ընդունելություն կազմակերպելու և մեր ավարտական վկայականները մեզ անձամբ հանձնելու համար: Լինելով պատերազմող երկիր, գտնվելով տնտեսական շրջափակման մեջ և ունենալով սուղ բնական ռեսուրսներ, մեր հայրենիքի կայուն զարգացման համար կրթությունն ու գիտությունն ունեն ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն, որը մշտապես գտնվում է ԱՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում»,-ավելացրել է Ն. Գարաքյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ Արտյոմ Ավագյանն իրենց բուհի ուսանողների անունից երախտիքի խոսք է հղել ԱՀ ղեկավարությանը՝ բուհի շրջանավարտներին նման ուշադրության արժանացնելու համար:

«Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է գտնվել ԱՀ նախագահի նստավայրում: Վստահ ենք, որ պետությունը բարձր է գնահատում մեր հաջողությունները և մշտապես կանգնած է երիտասարդների կողքին: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք այս տարիների ընթացքում մեր ձեռք բերած գիտելիքներն օգտագործել մեր հայրենիքի շենացման ու բարգավաճման ազգանվեր գործին»,-նշել է Ա. Ավագյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս