Բաժիններ՝

«Համահարթ հարկման համակարգը թեթևացնում է գործատուի բեռը, ոչ թե աշխատողի». Կարեն Վարդանյան

Եկամտային համահարթ հարկման համակարգը թեթևացնում է գործատուի բեռը, ոչ թե աշխատողի։

Այս մասին 168.amի հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Երբ եկամտային հարկը բարձրացավ, վերին շեմը դարձավ 36%, դա գործատուի համար ծանր բեռ էր դարձել, վնասում էր բիզնեսը, և գործատուն ստիպված կոմպենսացնում էր այդ գումարը։ Հիմա պարզ է, որ կթեթևանա»,- ասաց Կ.Վարդանյանը։

Ըստ նրա՝ եկամտային հարկի նվազեցումն էական ազդեցություն չի թողնի ՏՏ ոլորտում ստվերային աշխատուժի «բացահայտման» վրա, քանի որ այս ոլորտում աշխատավարձերը բարձր են, իսկ բարձր վարձատրվողները հիմնականում ստվերից դուրս են և չեն խուսափում օրինական դաշտում աշխատել. «Ով խուսափում է, դրանք մանր-մունր աշխատողներն են, սկսնակները»։

Կ.Վարդանյանը չհամաձայնեց, որ ՏՏ ոլորտում, հատկապես՝ արտերկրի հետ համագործակցող մասնագետները, կարող են «տանը նստած» աշխատել և կարիք չունեն պետական գրանցումների։ Ըստ նրա՝ կան համապատասխան մարմիններ, որ կարող են հեշտությամբ բացահայտել ու պատասխանատվության ենթարկել օրենքից դուրս գործողներին։

«Ի՞նչ կապ ունի տանից աշխատելը։ Չէ՞ որ բանկային փոխանցումներով երևում է ամեն ինչ։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ գնան գրանցվեն»,- ասաց նա՝ նկատելով, որ չգրանցվելու դեպքում մարդիկ չեն կարող մեծ ձեռնարկություններ ստեղծել և մեծ գործեր ձեռնարկել, իսկ նմանները շատ չեն։

Շահութահարկի նվազեցումը 20%-ից 18% Կ.Վարդանյանը կարևոր է համարում այն ընկերությունների համար, որոնք արտադրանք են տալիս։

«Կարևոր է նաև այն առումով, որ կոմպլեքս քննարկվի այն հարցը, թե ինչպես անել, որպեսզի մարդիկ իրենց ապրանքը Հայաստանից վաճառեն՝ որպես հայկական, ոչ թե գնան ԱՄՆ Դելվեր նահանգում գրանցվեն և այնտեղից վաճառեն։ Այս խնդիրն առանձին քննարկման կարիք ունի։ Այս պահին այդ ծավալները շատ մեծ չեն, բայց ապագայում կմեծանան»,- ասաց Կ.Վարդանյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս