Անվտանգության համակարգի ամրապնդումը, կամ՝ արցախցիները չեն սադրվում
Մոտ մեկ ամիս է՝ Հայաստանի և Արցախի հասարակության, առանց բացառության, բոլոր խավերն ապշած էին այն ատելության մակարդակից, որն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին իր հայտնի մեղադրանքներում հնչեցնում էր հայաստանյան իշխանությունը։ Հատկանշական է, որ Արցախի կողմից այս առումով բավականին կառուցողական ու հանդուրժողական մոտեցումներ են դրսևորվում:
Վերջին օրերին հայաստանյան մամուլի ամբողջ ուշադրության կենտրոնն Արցախում տեղի ունեցող նշանակումների գործընթացն էր: Համաձայնեք, որ Արցախում բավականին հետաքրքրիր զարգացումներ են տեղի ունենում՝ Բակո Սահակյանը ներքաղաքական կադրային լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ է կատարում՝ այդ կերպ բացահայտ ցույց տալով պետության վերաբերյալ իր մոտեցումներն ու անվտանգային համակարգը ֆունդամենտալ ամրացնելու ջատագովությունը:
Օրերս Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Միքայել Արզումանյանը, ում մեկ տարի առաջ վարչապետի ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը: Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է և մի տեսակ չէր տեղավորվում «նոր Հայաստանի» առաջնահերթություններում, ինչը ենթադրում է հներից ազատում, նորերի նշանակում: Ավելի վաղ ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լևոն Մնացականյանին, ով Սահակյանի ամենավստահելի զինակիցներից է: Իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Արցախի ԱԱԽ նախկին ղեկավար, նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար: Ակնհայտ է մի բան՝ այս նշանակումներով Արցախում ուժայինների վերադասավորումներով Սահակյանը նոր պարտիա է սկսում, որն իր դիրքերի ամրապնդմանն է բերելու: Այս կերպ նա փորձում է Արցախի անվտանգության հարցերը դարձնել առավել ապահովված և ընդհանուր մեկ համակարգի մեջ ամփոփված:
Արցախի ղեկավարությունն այս տուրբուլենտ փուլում ակնհայտ խոհեմություն ու պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում սահմանային անվտանգության հարցերին և չի տրվում քաղաքական, դավադրապաշտական սադրանքների: Չմտնելով ներքաղաքական ինտրիգների մեջ և չտրվելով որևէ ինտրիգի՝ Արցախի իշխանությունները ցուցաբերում են լուրջ խոհեմություն:
Փաստացի այսօր ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները վերոնշյալ քայլերով իրենց վրա են վերցնում նաև ՀՀ անվտանգությունը՝ ապահովելով երկու պետությունների զուգահեռ անվտանգությունը, քանի որ և ՀՀ-ն, և Արցախը գտնվում են մեկ ընդհանուր անվտանգության համակարգում:
Իրականում վստահաբար կարող են ընդգծել, որ տարբեր իրադարձությունների, առավել ևս՝ անվտանգության և բանակի մարտունակության հետ կապված, ցանկացած վերլուծության և թեմայի վերաբերյալ մեկնաբանություն պետք է ունենա ռացիոնալության տարրեր, այլապես այն դասական պոպուլիզմ է, ուրիշ ոչինչ: Դիմելով շարքային մանիպուլյատիվ ու քարզոչական էժանագին հնարքների՝ ցանկացած իշխանություն և ուղղորդված քարոզչամիջոց իր հավատարիմ լսարանին ու հետևորդների բանակին կորցնի շատ արագ:
Ասվածին կարող ենք հավելել, որ Փաշինյանի աննախադեպ հակվածությունը՝ Ստեփանակերտում իշխանության ղեկին որևէ «խամաճիկ նշանակելու», բացարձակապես ակնհայտ է։ Պատմությանը հետհայացք գցելով՝ պարզ է դառնում, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև առաջին տարաձայնությունները սկսվել են Տեր-Պետրոսյանի հավակնությունների պատճառով, ինչին հետագայում հաջորդեցին հայտնի զարգացումները, ընդհուպ՝ նրա հրաժարականի փաստը:
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հ.Գ. Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Ալիևը զրոյացրեց Դուշանբեի «վերելակային» պայմանավորվածություններն ու իր համար ելակետ հայտարարեց սուբստանտիվը՝ ակնարկելով «Բոլթոնի պլանի» մասին, որ, եթե գոյություն ունի, նույն «Լավրովի պլանն» է: