Բաժիններ՝

Մաքսակետերում տարբեր կանոններ են գործում

«Զվարթնոց» օդանավակայանում գործող Արևմտյան մաքսատան աշխատակիցները սկսել են այլ ընթացակարգով աշխատել: Ուղևորներից պահանջում են ծավալային և քաշով  բոլոր ծանրոցների  մուտքը հայտարարագրել, մինչդեռ նման ընթացակարգ նախատեսված չէ, և  դրանք ձևակերպվում են  պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ վճարների:

Մաքսավորներն օգտվում են քաղաքացիների անտեղյակությունից, մեզ փոխանցում է աշխատակիցը և նկատում, որ ոչ բոլոր անձինք են տեղյակ նախորդ տարվա օրենսդրական փոփոխությունից, համաձայն որի՝ մինչև 200 եվրո ընդհանուր արժեքով ապրանքների դեպքում սահմանը հատող տնտեսվարողն ինքը պիտի որոշի՝ ինքնահայտարարագրո՞ւմ է իր ծանրոցը, թե՞ դիմում է մաքսային բրոքերի:

Բայց սա միակ դեպքը չէ, որ օրենք է շրջանցվում Նոր Հայաստանի մաքսակետերում: Աշխատակցի խոսքով՝ մաքսավորները շատ հաճախ իրենց իրավունք են վերապահում  մաքսակետում պահել նաև օդային ճանապարհով ՌԴ-ից ներկրված  սննդային մթերքը և պահանջել  ինչ-որ փաստաթղթեր՝  սանիտարական, անասնաբուժական հավաստագրեր  և զանազան այլ  հիմքեր, մինչդեռ  ԵԱՏՄ կանոնակարգով որևէ հսկողություն սահմանված չէ, այդ թվում՝ ամենագլխավորը՝  մաքսային հսկողությունը:

Մաքսավորների նորովի կանոնակարգված աշխատանքը նա չի համարում ինքնագործունեություն, ասում է՝ «օրենքի խախտում թույլ տալն ամեն մեկի քաշը չէր ների»:

Ստացվում է՝ կա վերևից իջեցված ուղիղ հրահանգ և հենց գլխավոր մաքսավորի կողմից: Ուստի բացառված չէ, որ այս մեկն էլ, նախորդ ակցիաների պես, պիլոտային կյանք ունենա,  բայց թե երբ կավարտվի, քանի ուղեբեռի գանձման գնով, հայտնի չէ:

Չմոռանանք, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի արտասովոր աշխատաոճը հասցրել է զարմացնել քանիցս, դրանցից երկուսին անդրադարձել էինք ավելի վաղ:

Հիշեցնենք, Շուշանիկ Ներսիսյանի առաջին ակցիան, որ հայտնի էր դարձել 168.am-ին, «մեկնարկեց» մարտ ամսին: Նա մի օր արթնացել և պարզապես որոշել էր՝  հանգստի օրերի մաքսավճարների հավաքագրումը զիջել տնտեսվարողին, իսկ հեղափոխական պաշտոնյայի ընծայած զիջումը, որով սովորաբար ՊԵԿ արտաբյուջեն է լցվում և վերջում վեր է ածվում ՊԵԿ չինովնիկների պարգևավճարների, աղքատացել էր որոշ չափով, թերևս այդ պատճառով էլ տիկնոջ հրահանգն օրենքի տառով իրավական հիմք չստացավ,  հաջորդ շաբաթ այն դադարեց գործել:

Ընդ որում, նկատենք,  կարճաժամկետ ակցիայի հարցով ՊԵԿ-ն այդպես էլ  լուռ մնաց,  «վերևներում» կատարվածի համար ոչ ոք պատասխան չտվեց (Շուշանիկ Ներսիսյանը վարչապետի տիկնոջ մտերիմն է համարվում):

Իսկ հաջորդ կամեցողությունը, որ Շուշանիկ Ներսիսյանը դրսևորեց դարձյալ տնտեսվարողների համար, մի խումբ ապրանքատեսակների համար այլ գանձումներին էր առնչվում։  Հիշեցնենք,    ներկրվող ապրանքատեսակի մեջ մի խումբ է եղել, որի համար մի քանի ամիս մաքսակետերից մեկում հայտարարագրելիս բոլորովին այլ մաքսավճարներ է կիրառել, թղթատարության մեջ դրանք մանիպուլյատիվ լուծումներով են արձանագրվել:

Մի քանի ամիս գործած հրահանգի էֆեկտը եղել է այն, որ տվյալ ժամանակահատվածում ավելացրել է նույնատեսակ  արտահանվող ապրանքների ծավալը՝ դեպի Ռուսաստան:  Իսկ Շուշանիկ Ներսիսյանի ձեռամբ իրականացված «ակցիան» ՊԵԿ-ում հիմնավորում չի ստացել, արդյունքում՝  տուժել է պետությունը, բայց շահել է տնտեսվարողը կամ ՊԵԿ-ի կարգադրիչներից մեկը, ում շատ պետք էր շրջանցել օրենքը ու չպատժվել «Սպայկայի» թուրքական պոմիդորների հայտնի օրինակով:

Սյուզի Բադոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս