Զեկույց․ «Կրոնական ազատությունների առումով Թուրքիան առանձնակի մտահոգություն առաջացնող երկիր է»
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի (USCIRF) 2019թ․ զեկույցում Թուրքիան հիշատակվել է որպես «առանձնակի մտահոգություն առաջացնող երկիր»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ զեկույցի՝ 2018թ․ Թուրքիայում կրոնական ազատությունների վիճակը շարունակում է խորին մտահոգություն հարուցել, ավելին՝ լուրջ մտավախություն կա, որ առաջիկա տարիներին իրավիճակն էլ ավելի կվատթարանա։ Արձանագրվել է, որ Թուրքիայյում կրոնի կամ հավատքի ազատության սահմանափակումները սպառնալիք են ստեղծում երկրում ազգային փոքրամասնությունների գոյության համար։ Միևնույն ժամանակ՝ երկրի պետական կառույցներն ու իշխանամետ մամուլն իրենց գործունեությամբ նպաստում են փոքրամասնությունների շրջանում տագնապի ու վախի մթնոլորտի հաստատմանը։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը բողոքել է նշված զեկույցի դեմ՝ պնդելով, թե զեկույցում Ֆեթհուլլահ Գյուլենի վերաբերյալ տեղ գտած արտահայտությունները «երկերեսանիություն» են, իսկ քահանա Բրանսոնի վերաբերյալ գնահատականները Աքսոյը որակել է որպես անտեղի քննադատություն։
ԱՄՆ-ի հանձնաժողովն իր զեկույցում հանդես է եկել նաև ԱՄՆ կառավարությանն ուղղված մի շարք առաջարկներով, որոնց թվում տեղ է գտել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի հարցը։ Մասնավորապես կոչ է արվել ԱՄՆ-ին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նոր պատրիարքի ընտրություններն անցկացվեն առանց պետության միջամտության։ Առաջարկվել է նաև հրապարակավ դատապարտել այն թուրք քաղաքական գործիչներին, ովքեր իրենց ելույթներում կրոնական փոքրամասնություններին ուղղված խտրական և նվաստացուցիչ ձևակերպումներ են օգտագործում։
Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովը ստեղծվել է 1998թ․ «Միջազգային կրոնական ազատությունների մասին» օրենքի հիման վրա։ Այն ԱՄՆ-ի կառավարության անկախ հանձնաժողովներից է, որը հետևում է ԱՄՆ-ից դուրս կրոնի և հավատքի ազատությունների վիճակին՝ այնուհետև հանդես գալով ԱՄՆ-ի նախագահին, պետդեպարտամենտին և կոնգրեսին ուղղված առաջարկներով։