Թուրքիան աշխարհում 4-րդ երկիրն է, որտեղ ամենից շատ աշխատավորներ են բանտարկվում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է «Իրավունքի համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել աշխատավորների համար ամենաանբարենպաստ 10 երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2019թ․ այդ ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Բանգլադեշը, Բրազիլիան, Կամբոջան, Գվատեմալան, Ղազախստանը, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Զիմբաբվեն։

Զեկույցում Թուրքիայի մասին մասնավորապես ասված է․ «Հեղաշրջման փորձից և կառավարության կողմից քաղաքացիական ազատությունների կոպիտ սահմանափակումներից հետո աշխատավորների իրավունքներն ու ազատությունները համառորեն մերժվում են․ ցույցերը ճնշվում են ոստիկանների կողմից, իսկ խմբավորվել փորձող աշխատավորները համակարգված ձևով հեռացվում են աշխատանից»։

Արձանագրվել է, որ Թուրքիան 4-րդ երկիրն է, որտեղ ամենից շատ աշխատավորներ են ձերբակալվում ու կալանավորվում։ Այս առումով առաջատար եռյակում են Չինաստանը, Հնդկաստանը և Վիետնամը։ Թուրքիան նաև տեղ է գտել այն 44 երկրների ցանկում, որտեղ ամենից հաճախ են խախտվում աշխատավորների խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքները։

Զեկույցում հիշատակվել է նաև Ստամբուլի օդանավակայանի կառուցման ընթացքում՝ 2018թ․ սեպտեմբերի 14-ին շուրջ 10․000 բանվորի մասնակցությամբ կազմակերպված գործադուլն ու ցույցը՝ ընդդեմ անառողջ և անապահով աշխատանքային պայմանների։ Ցույցերը ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել էին, իսկ ավելի քան 400 աշխատավոր՝ ձերբակալվել։ Ավելի ուշ նրանց մի մասն ազատ արձակվեց, իսկ 31-ը բանտարկվեց:

Տեսանյութեր

Լրահոս