Երևանում 70 հեկտար կանաչապատ ռիսկային տարածք է այրվել
Երևանի քաղաքային իշխանության ուշադրությունն օպերայամերձ որոշ սրճարաններից բացի, այլ բանի վրա այդպես էլ չկենտրոնացավ: Եվ ահա «հանուն կանաչ գոտի ստեղծելու» տպավորիչ և բարձրագոչ լոզունգների՝ ամիսներ առաջ սրճարաններ քանդելու ռեալիթի-շոու հիշեցնող ակցիայից ընդամենը մեկ-երկու ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած աշխատանքային թիմը ցույց տվեց, որ ի վիճակի չէ անգամ նախկիններից մնացած կանաչ ոչ մեծ գոտին պահպանել, թեկուզ այնքանով, որ հրդեհի վտանգներ չստեղծի միջավայրի համար:
Եվ ահա խնդիրը լրջացել է այն աստիճան, որ երեկ ու նախորդ օրն Արտակարգ իրավիճակների (ԱԻՆ) նախարարությունը հարկադրված է եղել Երևանի սրտում չորացած անխնամ խոտածածկ տարածքներն այրել միտումնավոր, որպեսզի հրդեհավտանգ իրավիճակ չստեղծվի:
Ի դեպ, տասնյակներով այրված հեկտարների մեջ միայն 5000 քմ մակերեսը հենց Երևանի Հաղթանակ զբոսայգու տարածքն է: ԱԻՆ աշխատակիցները հսկողությամբ միաժամանակ մի քանի գոտիներում չորացած խոտածածկույթ են այրել՝ Սարալանջի պողոտայում, տուրիզմի գոտի համարվող Էրեբունի թանգարանի շրջակայքում, Նորքի այգիներում և Ամերիկյան փողոցում և կշարունակեն դեռ հսկվող այրումներ իրականացնել:
Լքված կանաչ գոտիները, որոնք սև մրի մեջ են հիմա՝ այս պահի դրությամբ հատել է 70 հեկտարը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նկատենք, անցած տարիներին ԱԻՆ-ը քաղաքամայր Երևանում հարկադրաբար չորացած խոտածածկ տարածքներ չի այրել, այս մասին խոստովանում են անգամ ԱԻՆ աշխատակիցները, ասում են՝ միգուցե որոշ վայրերում եղել են անջրդի տարածքներ, բայց քաղաքային իշխանությունն այն ժամանակ եղել է հետևողական, որ չորացած խոտածածկ տարածքները վերահսկելի լինեն:
Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը չառանձնացնելով այրված տարածքները՝ նշում է, որ իրենց անփութության հետևանքով չէ, որ մայրաքաղաքի որոշ տարածքներում հրդեհավտանգ գոտիներ են ստեղծվել: Հանրային կիրառելի տարածքներում, պաշտոնյայի խոսքով՝ քաղաքապետարանի կողմից աշխատանքներ ամեն դեպքում տարվում են:
«Մենք մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ունենք ավելի քան 6 հազար քմ կանաչ տարածք, որոնցից 852-ն է միայն գտնվում է մեր հոգածության ներքո, և ընդհանուր օգտագործման տարածքի համար հատկացված ռեսուրսներով պատասխանատու են վարչական տարածքերը: Կանաչապատման համար ընտրված կազմակերպություններն իրականացնում են պարբերական խնամք»,- պարզաբանում է Խաչիկ Հակոբյանը:
Ինչ վերաբերում է օտարված կամ վարձակալությամբ տրված տարածքներին, ապա այս մասով քաղաքապետարանի պաշտոնյան չհերքեց, որ խնդիր կա և լուրջ է.
«Միշտ չէ, որ վարձակալները հետևում են իրենց առջև դրված պահանջին: Մենք հետևողական աշխատանք ենք տանում նրանց հետ, իհարկե, ոչ բոլորին ենք հաջողում հեշտությամբ գտնել, կան մարդիկ, որ հանրապետությունում չեն, ոմանք պարզապես վճարունակ չեն, ի վիճակի չեն պատճաճ խնամք ապահովել իրենց վարձակալած տարածքի կանաչ գոտու համար, սակայն խնդիրներն աստիճանաբար լուծում են ստանում»,- ասում է Խաչիկ Հակոբյանը՝ մանրամասնելով, որ լուծումներից մեկը նաև վարչական տույժի կիրառման մեթոդն են համարում:
Այդուհանդերձ, փորձեցինք հատկապես այրված տարածքների մասով պարզաբանում ստանալ ՝ արդյո՞ք նշված ռիսկային տարածքներում ոռոգման համակարգ առկա է, և ինչո՞ւ է քաղաքի կանաչ գոտին այսքան անմխիթար վիճակի հասել, ո՞վ է իր աշխատանքում թերացել, սակայն մեր հարցերին Խ.Հակոբյանը խոստացավ պատասխանել այն ժամանակ, երբ հստակ հասցեներով հարցադրումները գրավոր տեսքով Երևանի քաղաքապետարանին կհասցեագրենք:
Սյուզի Բադոյան