Բաժիններ՝

Տաղանդի և աշխատասիրության համադրումն ինձ կհասցնի իմ երազանքին. Պետրոս Ավետիսյան

Երբեմն ֆուտբոլային հանդիպումներ դիտելիս մենք անգամ ուշադրություն չենք դարձնում ֆուտբոլիստների ձեռքը բռնած փոքրիկ տղաներին, ովքեր հետո` խաղի ամբողջ ընթացքում գնդակներ են մատակարարում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում այժմ հանդես է գալիս տարիներ առաջ գնդակներ «մատակարարող» տղան` Պետրոս Ավետիսյանը: Նա այն քիչ ֆուտբոլիստներից է, ով մեծ ապագա է խոստանում և ունի ներուժ՝ դառնալու հավաքականի «վաղվա օրը»: Մենք Պետրոսի հետ մեկ այլ վայրում չէինք էլ կարող հանդիպել, եթե ոչ մարզադաշտում: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած հարցազրույցի ընթացքում Պետրոսի հետ «Արմենպրես»-ը զրուցեց ֆուտբոլային առաջին հիշողություններից, հավաքականում նորամուտից և ապագայից:

-Պետրոս, սկսենք ամենասկզբից. եր՞բ եք ձեզ հիշում ֆուտբոլի գնդակով առաջին անգամ:

-Մի քիչ դժվար հարց է: Մանկությունս վերհիշելիս ինձ հիշում եմ միշտ գնդակին հարվածելիս: Երբ սկսել եմ քայլել, հենց այդ ժամանակներից էլ գնդակով էի: 5 տարեկանում դրսից ներս էի գալիս միայն սովածանալիս: Հետո հայրս որոշեց ինձ տանել ֆուտբոլի: Ընտանիքում չունենք մեկը, ով ֆուտբոլով է զբաղվում:

-Իսկ եր՞բ էր այն պահը, որ գիտակցաբար ընդունեցիք, հասկացաք, որ ձեր ապագան ֆուտբոլն է:

Փոքր տարիքից էլ ուրիշ այլ բանի մասին չէի մտածում: Հենց սկզբից հասկացել էի, որ ֆուտբոլում է իմ ապագան: Չեմ պատկերացնում անգամ, թե ինչով կզբաղվեի, եթե չլիներ ֆուտբոլը:

– «Բանանց», «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», 2015 թվականից Հայաստանի երիտասարդական թիմում, իսկ այժմ էլ ազգային ընտրանի… Բա՞րդ էր արդյոք մինչ այս անցած ճանապարհը:

-Իհարկե, ոչ մի լավ բան հեշտ չի տրվում: Շատ մեծ, ջանասեր աշխատանքի, անքուն գիշերների արդյունքում է, որ հիմա ասել եմ այս մակարդակին: Սակայն, դժվարությամբ հասած բանն ավելի քաղցր ես վայելում: Հիմա Հայաստանի չեմպիոննությունն ավելի քաղցր է, քան երբևէ:

-Ֆինների դեմ խաղում Դուք փոխարինման մտաք և առաջին անգամ խաղացիք ազգային թիմի մարզաշապիկով… ի՞նչ էր կատարվում ձեր մտքում այդ ժամանակ:

Առաջին հերթին հենց այդ պահն էր երազանքի իրականցման րոպեն: 7-8 տարի առաջ ես այն տղաների շարքում էի, ովքեր գնդակներ էին մատակարարում, իսկ այդ պահին խաղադաշտ էի մտնում հավաքականի շապիկով: Իրականանում էր իմ և ընտանիքիս երազանքը: Մտածում էի միայն հնարավորինս շատ օգնել թիմին: Մեծ էր նաև հուզմունքս Լիխտենշտեյնի դեմ խաղում, երբ ընտրանու մեկնարկային կազմում էի, և մարզադաշտից խաղիս հետևում էին ընտանիքիս անդամները: Սա, սակայն, իմ երազանքի ամենափոքր մասն է:Ես ավելի մեծ նպատակներ ունեմ հավաքականի հետ կապված:

-Որո՞նք են դրանք:

-Առաջինը և կարևորը՝ հնարավորինս շատ ուրախություն պատճառել մեր երկրպագուներին, որոնք շատ նվիրված են: Եվ կարողանանք հանդես գալ միջազգային մեծ մրցաշարում:

-Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Հունաստանի դեմ խաղերում մենք բացարձակ ուրիշ հավաքական տեսանք խաղադաշտում, քան առաջ էր: Ի՞նչ էր փոխվել թիմի մտածելակերպում:

-Երկու խաղերում հենց մեկնարկից շատ ագրեսիվ էինք, ինչն օգնեց մեզ: Առաջին իսկ րոպեից մինչև վերջին պահը հավատում էինք ինքներս մեզ, մեր ուժերին և հնարավորություններին, դրա համար էլ հաղթեցինք: Սակայն սա ֆուտբոլ է, երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Պարզապես մենք այդ խաղերում ամեն ինչ տվեցինք:

-Ինչպե՞ս է աշխատանքը Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Ինչպիսի՞ մարզիչ է նա:

-Գյուլբուդաղյանցը նվիրված և պահանջկոտ մարզիչ է, բայց նաև հրաշալի հոգեբան է և շատ լավ է տրամադրում խաղից առաջ: Կարծում եմ՝ վերջին երկու խաղերում մեր գրանցած արդյունքում երևաց նրա կատարած աշխատանքը: Նա լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ և անմիջական է: Միշտ ասում է, որ պետք ապրես երազանքով:

-Դեռևս վաղ է, բայց կհարցնեմ: Սեպտեմբերին մրցելու եք Իտալիայի ընտրանու հետ: Ի՞նչ հանդիպում եք ակնկալում:

-Մի շարք մրցաշարեր ունեմ մինչ այդ: Ակնկալիքներս մեծ են, նախ՝ հաջող խաղ եմ սպասում: Եթե նույն կերպ գործենք և ցուցադրենք մեր լավագույն ունակությունները, ապա Իտալիայի դեմ լավ խաղ կարող ենք անցկացնել:

-J խմբում ոչ առաջին, բայց երկրորդ տեղի համար որ թիմերը կարող են պայքար մղել:

-Այս պահի դրությամբ, որակապես լավ խաղ է ցուցադրում Ֆինլանդիան, ինչպես նաև Բոսնիան և Հերցեգովինան:

Հեշտ է արդյոք աշխատելը Վարդան Մինասյանի հետ, ով մարզում է ձեզ «Արարատ-Արմենիա»-ում:

-Առաջին հերթին, նա շատ խելացի մարզիչ է: Հրաշալի բացատրում է այն, ինչ ուզում է տեսնել խաղադաշտում: Այս ամենի հետ մեկտեղ նաև պահանջկոտ է: Կարծում եմ, Մինասյանն էր պատճառը, որ «Փյունիկ»-ից տեղափոխվեցի «Արարատ-Արմենիա»: Նրա աշխատանքի շնորհիվ է, որ հրավիրվում եմ ազգային ընտրանի: Կարևոր է, որ խաղադաշտում զգում ես մարզչի վստահությունը:

-Պետրոս, խոսեցիք «Փյունիկ»-ից տեղափոխության մասին: Վերջիվերջո, ի՞նչ էր պատահել, ի՞նչ խառը պատմություններ և տարաձայնություններ էին կապված տեղափոխության հետ:

– Չէի ցանկանա նորից խոսել այդ մասին: Մոռացել եմ ամեն վատ բան, միայն լավն եմ վերցրել ինձ հետ «Փյունիկ»-ից: Շատ ճիշտ որոշում եմ կայացրել «Արարատ-Արմենիա» տեղափոխվելով:

-«Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում մրցելու է շվեդական ԱԻԿ-ի հետ: Ինչպիսի՞ մրցակից են նրանք ձեզ համար:

-ԱԻԿ-ն իրապես ուժեղ հակառակորդ է: Նրանք սիրում են ուժային ֆուտբոլ խաղալ: Հիմա մեկնում ենք ուսումնամարզական հավաքի` նախապատրաստվելու ՉԼ-ի որակավորման փուլի խաղին: Պետք է վերլուծենք նրանց խաղը, հասկանանք, թե ինչպիսի հակառակորդ են և գտնենք թույլ կողմերը: Հուլիսի 9-ին ամեն ինչ անելու ենք՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

-Սկսվել են լուրեր պտտվել, որ Կիպրոսը ներկայացնող մի քանի ակումբ հետաքրքրված են ձեր ծառայություններով: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Բոլոր ֆուտբոլիստների ցանկությունն է, որ խաղան այլ առաջնություններում, բարձրակարգ առաջնություններում: Չկա զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ, այդպես էլ մենք: Ինքս էլ ուզում եմ հանդես գալ այլ թոփ առաջնությունում: Սակայն տեղափոխության և կիպրական ակումբի մասին գիտեմ այնքան, որքան դուք:

-Տարբեր կարծիքներ եմ լսել ձեր մասին, բայց միաբերան ասվում է, որ դուք մեծ ներուժ ունեք երկրորդ Մխիթարյան դառնալու: Ի՞նչ ապագա եք տեսնում ինքներդ ձեզ համար:

-Շատ եմ լսում, որ համեմատում են Մխիթարյանի հետ: Հենրիխն այս պահին նպատակասլացության և աշխատասիրության ամենավառ օրինակն է մեզ համար: Ինքս էլ գիտակցում եմ, որ պետք է նույն կամքի ուժով աշխատեմ ինձ վրա: Ֆուտբոլի հետ կապված երկու երազանք ունեմ` Հայաստանի հավաքականը խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում և կարողանամ խաղալ բարձրակարգ ակումբում:

-Դուք ձեզ տաղանդավո՞ր, թե աշխատասեր ֆուտբոլիստ եք համարում:

-Կարծում եմ երկուսն էլ: Երկուսի համադրությունն ինձ կհասցնի նրան, ինչի մասին երազում եմ հիմա:

-Ո՞րն եք համարում, մինչ այս պահը խփած լավագույն գոլը:

-Կարծում եմ երիտասարդական հավաքականի կազմում Մակեդոնիայի դեմ խաղում ընտրանու 3-րդ գոլը, որի շնորհիվ խուսափեցինք պարտությունից:

-Դուք ստացել եք «Պետրոս Առաջին» մականունը: Ձեզ դո՞ւր է գալիս այն:

-Ինձ այդպես չեն դիմում, բայց ինձ դուր է գալիս մականունը:

-Մի քանի բլից հարցեր. Թոմը, թե՞ Ջերին:

-Ջերին (ծիծաղում է):

-Մեսսի, թե՞ Ռոնալդու:

-Երկուսն էլ:

-Պիցցա, թե՞ պաղպաղակ:

-Երկուսն էլ:

-Ըմբշամարտ, թե՞ ծանրամարտ:

-Ըմբշամարտ:

-Մարադոնա, թե՞ Պելե:

-Պելե:

-Սև, թե՞ սպիտակ:

-Սև ու սպիտակ:

-Սուրճ, թե՞ թեյ:

-Թեյ:

-Գիրք, թե՞ ֆիլմ:

-Գիրք:

-Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս