
Զոհրաբ Մնացականյանը և Ջոն Բոլթոնը պատրաստակամ են ընդլայնել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգը

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին:
Զրուցակիցները հանդես եկան հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ: