«Եթե ՀՀ ԱԳՆ-ն հստակ փաստեր ունենար ՀՀ ներքին գործերին միջամտելու հարցի վերաբերյալ, ապա կաներ հայտարարություն»
«168 Ժամի» զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը
– Պարոն Կարախանյան, մեծ ուշադրության արժանացավ օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի համար դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ պարզաբանումների՝ երկրի ներքին գործերին չմիջամտելու կոնտեքստում, քանի որ այս հանդիպումն ընկալվել է Ռուսաստանի կողմից Քոչարյանին աջակցության հերթական ակտ։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին։
– Իսկապես այս օրերին այդ հարցը շատ է քննարկվում, քննարկվում է նաև ՌԴ ամենաբարձր իշխանական օղակներում, մինչև անգամ հակասական մեկնաբանություններ են հնչում։ ՌԴ իշխանությունների ընկալումը հետևյալն է՝ ընթանում է քրեական գործի դատաքննությունը, այն նոր-նոր սկսվում է, ուստի ՌԴ առաջին դեմքի կամ ամենաբարձր իշխանության կողմից կոռեկտ չէ մեկնաբանություններ անել տվյալ թեմայի շուրջ։ Բայց գիտենք նաև, որ իշխանական տարբեր թևեր, տարբեր վերլուծական և ուժային կենտրոններ կան, որոնք կարող են տարբեր տեսակետներով, նրբերանգներով կարծիքներ ունենալ՝ կապված լինելով նախկին ղեկավարության հետ, որի հետ աշխատել են, ունեն բարիդրացիական, նորմալ հարաբերություններ, ինչը մարդկային տեակետից բնական է, այդպես էլ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է դեսպանի հետ կապված միջադեպին, ապա, եթե դեսպանը հանդիպեր մեկին, ով լիներ դատված, ճանաչված լիներ՝ որպես մեղավոր, քրեական հանցագործություններ կատարող անձ, կլիներ բոլորովին այլ խոսակցություն։ Բայց սա այդ դեպքը չէ։
Կա լոբբիստական խումբ, որն աշխատում է հօգուտ Քոչարյանի, իմիջիայլոց, ճիշտ է անում, քանի որ պաշտպանում է իր ընկերոջը, իր հետ լավ համագործակցած և իր տեսանկյունից նորմալ քաղաքական գործչի։ Բայց հայկական քաղաքական դաշտի դժբախտությունն էլ, կներեք այս արտահայտության համար, կայանում է նրանում, որ այնքան է դաշտը հեղեղված, լցված քաղաքական քարոզչական մանիպուլյացիաներով՝ կողմ և դեմ, ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ ամեն հարցում ինչ-որ բան են փորձում փնտրել ՌԴ-ի դեմ, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, իբրև թե ՌԴ-ն անընդհատ վատ բաներ է փորձում անել, քրեորեն հետապնդվող հանցագործներին պաշտպանել։
Այս քարոզչական մանիպուլյացիաները ծիծաղեցնում են, զվարճացնում, հոգնեցնում են ռուսական ամենաբարձր օղակներին։ Այստեղ հստակ իրավիճակն այսպիսին է՝ ՌԴ առաջին դեմքը, նրա հետ կապված իշխանական շրջանակն ասել է հստակ, որ, չնայած աշխատանք է եղել Քոչարյանի հետ, դրական տրամադրվածություն, մի կողմ են դնում այս հարցերը, հստակ սպասում են դատաիրավական գործընթացի ավարտին, որոշումների կայացմանը։
Իհարկե, ուղերձները նաև այնպիսին են, որ ակնկալում են, որ սա կլինի ոչ թե քաղաքական հետապնդում, այլ օրինականության շրջանակներում իրականացվող գործընթաց:
Այսինքն՝ ինչ պետք է ապացուցվի՝ ապացուցվի, ինչ չպետք է ապացուցվի՝ անուղղակի ձևով անելն անթույլատրելի է։ Այսինքն՝ սպասում են, որպեսզի ընթանա պրոցեսը, լինի դատավճիռը, ըստ այդմ՝ կտրվեն գնահատականները, թե սա, իրենց կարծիքով, քաղաքական հետապնդո՞ւմ է, վենդետա՞, թե՞ իրականացված ինչ-որ հանցագործություն, որին տրվել է արժանի իրավական գնահատական։ Բնական է, կան մեծ գումարներ, լոբբիստական աշխատանք, անձնական հարաբերություններ, բայց այս ամենը չպետք է խառնել ՌԴ առաջին դեմքի, ամենաբարձր իշխանության հետ, որովհետև այն, ինչ ասացի, դա է հստակ դիրքորոշումը։
ՀՀ քաղաքական դաշտում խառնամբոխ է ստեղծվել, արդեն ծիծաղելի իրավիճակների մեջ են հայտնվում շատերը։ ՌԴ դեսպանատան աշխատողները, դեսպանը մշտապես հանդիպել են, հանդիպում են այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների հետ, չեմ ուզում անուններ հնչեցնել, կարծում եմ՝ բոլորը գիտեն։ Հանդիպել են հենց Երևանում, հանդիպել են Մոսկվայում, ՀՀ ընդդիմադիր քաղաքական գործիչները հանդիպումներ են ունեցել ամենասուր քաղաքական իրավիճակներում վերջին 10 տարվա ընթացքում, քննարկումներ են արել, խոսել են, նույնիսկ տուն են գնացել։ Չգիտեմ՝ այս ամենը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց այս ամենը տեղի է ունեցել։
Եթե ուշադրություն դարձնեք ՌԴ առաջին դեմքի դիրքորոշումներին՝ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակներում, կնկատեք, որ ինչ պետք է ասվի՝ լինի դա Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի վերաբերյալ, ասվում է։ Չկա մի այնպիսի իրավիճակ, որ ՌԴ նախագահը մտածում է, բայց ուղարկում է դեսպանին կամ մեկ ուրիշին՝ ուղերձներ փոխանցելու համար, դա ծիծաղելի ու զվարճալի է։ Այս ծիծաղելի իրավիճակը պետք չէ տեղափոխել հայ-ռուսական հարաբերություններ։ ՌԴ-ն մեծ ցանկություն ունի դուրս գալ այս ինտրիգային մանիպուլյացիոն դաշտից ու սկսել է կառուցողական միջպետական աշխատանքը։
– Ձեր գնահատմամբ՝ չկա՞ այդ աշխատանքը։
– Ծրագրեր չկան, տնտեսական հարաբերությունները չեն զարգանում, որոնք կարող էին հանգեցնել իսկապես բարձր ներդրումների, նորմալ աշխատանք չի կայանում։ Տեղի է ունենում բազարային իրավիճակ, ինտրիգներ, մանիպուլյացիաներ՝ միջքաղաքական խաղերով, որոնք լավ բանի չեն հանգեցնում։ ՌԴ իշխանությունների մոտ էլ կա հստակ կարծիք, որ գործնական, կառուցողական աշխատանքի բացակայությունը և ռեյտինգների նվազումն իշխանությունները փորձում են «ծածկել» Քոչարյանի գործով, Քոչարյանի արյունալի կերպարի ցուցադրությամբ՝ մոբիլիզացնելով դաշտն իրենց շուրջ։
Այս ամենը տպավորություն է թողնում Ռուսաստանում, որ Քոչարյանի գործը շատ ձեռնտու է իշխանություններին՝ այն առումով, որ այն երկարի-երկարի, անընդհատ մոբիլիզացնեն կողմնակիցներին՝ փակելով կառուցողական ու գործնական աշխատանքի բացակայությունը։ Ընդհանուր տնտեսական իրավիճակը չի փոխում, սա է իրականությունը։
– Վերադառնալով կոնկրետ միջադեպին, ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լիներ ԱԳՆ-ի համարժեք արձագանքն այս հանդիպմանը։
– Եթե ՀՀ ԱԳՆ-ն հստակ փաստեր ունենար ՀՀ ներքին գործերին միջամտելու հարցի վերաբերյալ, ապա կաներ հայտարարություն, իսկ ընդհանրապես զրույցի միջոցով ասել, թե քրեական հետապնդման է ենթարկվում, պետք չէ հանդիպել, կարելի է ասել, բայց այս ցուցադրական ձևական գործելաոճը թույլ է տալիս ասել, որ տապալված ակցիա էր։ Այլապես պետք է հայտարարություն լիներ, հետագայում տեքստ լիներ, ՀՀ ԱԳՆ-ի կողմից պաշտոնապես ասվեր, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին։ Դա կլիներ ճիշտ, արդար ու ավելի նորմալ, եթե պաշտոնապես հայտարարվեր, դա կլիներ նորմալ դիվանագիտական աշխատանք, բայց քանի որ դա ևս տապալված է նոր ՀՀ իշխանությունների ոճով, զվարճալի ձևով է տեղի ունենում։
– ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում մի քանի անախորժ միջադեպեր են տեղի ունեցել, ինչպիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, Լավրովի հայտնի հայտարարությունները, այս դիպվածը և այլն։ Այս միտումները դեպի ո՞ւր են տանում հայ-ռուսական հարաբերությունները։
– Միտումները շատ լավ բանի չեն տանում։ Եթե ՌԴ-ն տրվի այս հուզական ֆոնին, ինչին ՀՀ իշխանություններն են տանում, կլինի հարաբերությունների վատթարացում, լարում, բայց այստեղ էլ անհասկանալի է հաշվարկը՝ «Արևմուտքը Ձեզ կօգնի», սա էլ տեղի չի ունենում, որովհետև արևմտյան վերլուծական կենտրոնների կամ որոշ իշխանությունների դիրքորոշումները շատ ավելի կոշտ են, քան Ռուսաստանի դիրքորոշումը։ Ռուսաստանը հստակ դիրքորոշում ունի՝ Հայաստան պետությունը ՌԴ դաշնակից պետությունն է: Այսինքն՝ ՀՀ-ում իշխանությունները կգան՝ կգնան, բայց ՀՀ-ն կմնա ռազմավարական դաշնակից երկիր։ Այսօր ՌԴ-ն պահպանում է բոլոր երաշխիքները, ՀՀ շահերին դեմ ոչինչ չի անում: Բայց անընդհատ քարոզչական հեքիաթները, ծիծաղաշարժ քայլերը… հասկանում ենք, քարոզչական խաղեր են, որոնք լավ բանի չեն բերելու նրանց, ովքեր դրանք կազմակերպում են՝ լինեն դրանք իշխանական ռեժիմի՞ց, թե՞ նրանց հետ համագործակցող խմբերից։