Ինչո՞ւ է երեխան խոսում քնի մեջ
Երբեմն ծնողները նկատում են, որ իրենց երեխան խոսում է քնի մեջ: Այս երևույթը շատ տարածված է երեխաների շրջանում: Մեծահասակներից շատերը հաճախ ծիծաղում են այս երևույթի վրա, ոմանց համար էլ սա անհանգստանալու լուրջ պատճառ է:
Երեխայի նյարդային համակարգը խիստ տարբերվում է մեծահասակի նյարդային համակարգից, ու հենց դրա համար օրվա ընթացքում կատարվածն արտահայտվում է գիշերվա ընթացքում՝ քնի մեջ խոսելով:
Ինչո՞ւ է երեխան խոսում քնի մեջ
Շատ հաճախ դրա պատճառն այն դեպքերն են, որոնք օրվա ընթացքում տպավորում են երեխային, չէ՞ որ փոքրիկները շատ զգայուն են: Դա կարող է լինել դեղին ավտոբուսը, որը, արագ սլանալով, անցնում է անձրևաջրի միջով: Ի վերջո, այս ամենից անհանգստանալու կարիք չկա:
Անցումային տարիք: Երեխայի կյանքում սա այն ժամանակաշրջանն է, երբ նա սկսում է շատ ավելի ակտիվ խոսել քնի մեջ: Եվ այս դեպքում նույնպես պատճառը օրվա ընթացքում նրան տպավորած դեպքերն են: Այս երևույթը կարող է նույնքան արագ անհետանալ, որքան արագ սկսել է:
Երեխան քնի մեջ կարող է խոսել նաև քնի փուլերի անցման ժամանակ: Այդ տարիքում այս երևույթը նույնպես նորմալ է: Երեխայի մեծանալուն զուգընթաց այս երևույթը կանհետանա:
Սակայն պետք է նկատենք, որ երեխայի՝ քնի մեջ խոսելը կարող է լինել լուրջ խնդրի արահայտման ձև: Սակայն, բարեբախտաբար, սա հազվադեպ է պատահում: Երբ երեխան քնի մեջ գոռում է, մղձավանջային երազներ է տեսնում, վեր է թռչում ու երկար ժամանակ չի կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, անհապաղ դիմեք բժշկի:
Ի՞նչ անել այս դեպքում:
Ոչ մի պարագայում մի արթնացրեք երեխային: Այսպես դուք կարող եք վախեցնել նրան: Պարզապես եղեք նրա կողքին:
Ինչ վերաբերում է հանգստացնող դեղամիջոցներին, ապա ոչ մի պարագայում չի կարելի առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղ տալ երեխային: Ի վերջո, հնարավոր է՝ դրա կարիքը չկա: