Մարտ ամսին նույնիսկ հայտարարագրվող աշխատատեղերն են կրճատվել

Նախորդ իշխանությունների ժամանակ բացված կամ ստվերից դուրս եկած աշխատատեղերը ևս վերագրելով թավշյա հեղափոխությանը` Նիկոլ Փաշինյանը մինչև վերջերս հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել։ Ոչինչ, որ դրանք ոչ թե նոր ստեղծված, այլ հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղեր էին, պարզվում է՝ հիմա այդ գործընթացն էլ է կանգ առել։

Այն, որ Հայաստանում նոր աշխատատեղեր գրեթե չեն ստեղծվում, տեսանելի է բոլորին։ Բայց դրա հետ մեկտեղ՝ դադարել է ավելանալ նաև գրանցված աշխատողների թիվը։

Ավելին, աշխատատեղերը նույնիսկ կրճատվել են։ Հավանաբար դա է պատճառը, որ չնայած հայտնի են աշխատաշուկայի նոր տվյալները, այնուհանդերձ վարչապետը չի խոսում այդ մասին կամ չի շտապում իր ֆեյսբուքյան լայքերից մեկը նվիրել դրան։ Պատճառը հավանաբար կռահեցիք` միտումներն այլևս այնպիսին չեն, որոնցով հնարավոր է հպարտանալ։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտին Հայաստանում հայտարարագրվել է 564.454 աշխատատեղ։ Ընդամենը մեկ ամսվա տարբերությամբ աշխատատեղերը կրճատվել են 4750-ով։ Փետրվարին Հայաստանում հայտարարագրված է եղել 569.204 աշխատատեղ։

Խոստովանենք, որ մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4700 աշխատատեղի կրճատումը, ինչով էլ դա պայմանավորված լինի, թանկ հաճույք է Հայաստանի աշխատաշուկայի համար։ Հատկապես որ, գործազրկության առումով վիճակն առանց այդ էլ մի բան չէ։

Մարտին հայտարարագրված աշխատատեղերի կրճատումը տարօրինակ է նրանով, որ այդ ամսին Հայաստանում ցնցումներ կարծես չեն եղել, իսկ տնտեսական տարվա խորանալուն զուգընթաց` սովորաբար աշխատատեղերը ոչ թե կրճատվում են, այլ ավելանում։ Ասենք` անցած տարվա մարտին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր սկսել իր հայտնի քայլարշավը, Հայաստանում բացվել էր ավելի քան 11.000 աշխատատեղ։

Կարևոր չէ, թե դրանց ո՞ր մասն էր նոր ստեղծված, ո՞ր մասը` ստվերից դուրս բերված։ Փաստն այն է, որ այդքանով ավելացել էր հայտարարագրված աշխատատեղերի քանակը։

Մինչդեռ, իշխանափոխությունից հետո, երբ կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության իրականացման մասին և կոչ արել մարդկանց ստեղծել աշխատատեղեր իրենց, ինչպես նաև ուրիշների համար, աշխատատեղերի ակտիվություն չկա։ Ու դա նկատվում է՝ ոչ միայն մարտի տվյալներով։

Որպեսզի պատկերն ավելի առարկայական լինի, ցուցանիշները վերցնենք մի փոքր ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Այսպես` այս տարվա հունվարին՝ պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցված է եղել՝ 560,6 հազար, փետրվարին` 569,2 հազար, մարտին` 564,5 հազար աշխատատեղ։ Այսինքն` այդ ժամանակահատվածում աշխատատեղերի քանակն ավելացել է գրեթե 3,9 հազարով։

Գուցե և քիչ չէ։ Բայց հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է եղել աշխատատեղերի փոփոխությունն անցած տարվա հունվար-մարտ հատվածում։

2018թ. հունվարին Հայաստանում գրանցված է եղել 509,9 հազար, փետրվարին` 522,5 հազար, մարտին` 533,8 հազար աշխատող։ Այսինքն` աշխատատեղերն այդ ժամանակահատվածում ավելացել են 23,9 հազարով։

Հիմա հավանաբար դժվար չէ ասել, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունեցել աշխատաշուկայում այս և անցած տարվա առաջին երեք ամիսների ընթացքում։ Եթե այս տարի կամ իշխանափոխությունից հետո դրանք ավելացել են 3,9 հազարով, ապա անցած տարի կամ մինչև իշխանափոխությունը` 23,9 հազարով։ Տարբերությունը հասնում է 20 հազարի։

Սրանք չոր վիճակագրական ցուցանիշներ են, որոնց արժեր ուշադրություն դարձնել։

Գուցե կառավարությունն ասի, թե կարողացել է ստվերային աշխատաշուկան այնքան կրճատել, որ այլևս բացահայտելու բան չի մնացել։ Բայց նույնիսկ դա չի արդարացնում իրեն։ Չէ՞ որ կառավարության խնդիրը միայն ստվերի բացահայտումը չէ։ Բա ո՞ւր մնացին նոր ստեղծվող աշխատատեղերը։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մարտին Հայաստանում հայտարարագրված աշխատողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է ավելի քան 4,7 հազարով։ Դա տեղի է ունեցել՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։ Թեև հիմնական մասը բաժին է ընկել պետականին։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ մարտին այս հատվածում հայտարարագրված է եղել շուրջ 197,2 հազար աշխատող։ Նախորդ ամսվա համեմատ՝ թիվը պակասել է ավելի քան 4,6 հազարով։

Ո՞ւր են անհետացել այդ աշխատատեղերը։ Թվում է, թե մեկ ամսվա կտրվածքով այդքան աշխատողի կրճատումը բավական կտրուկ փոփոխություն է, և դա չէր կարող անաղմուկ անցնել։ Բայց պարզվում է՝ անցել է։

Դատելով պաշտոնական տվյալներից` մարտին պետական հատվածում կրճատված կամ քիչ հայտարարագրված աշխատատեղերի կեսը եղել է կրթության ոլորտում։ Ընդհանրապես այս ոլորտում զբաղվածների քանակն անցնում է 100 հազարը։

Տնտեսության կամ մասնավոր հատվածում ևս աշխատատեղերը մարտին կրճատվել են։ Թեև դրանց թիվը շատ չէ` ընդամենը 142, այնուհանդերձ միայն այն, որ աշխատատեղերը ոչ թե ավելացել, այլ պակասել են, արդեն լավ չէ։ Եվ դա տնտեսության զարգացումների լավագույն բնութագրիչներից մեկն է։

Անհամեմատ նստել է նաև մեկ տարվա կտրվածքով հայտարարագրված աշխատատեղերի աճը, որի մասին տարեսկզբին խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Եթե հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, տարբեր պատճառներով՝ արձանագրված աշխատատեղերի աճը հասնում էր 51 հազարի, ապա մարտին տարբերությունն ավելի քան 20 հազարով պակասել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի հայտարագրված աշխատատեղերի թիվն այլևս 30,6 հազարի սահմաններում է։

Ենթադրվում է, որ առաջիկայում այս միտումը կշարունակի խորանալ։ Ու բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե տարեվերջին մոտ ընդհանրապես դադարի աշխատատեղերի ավելացումը։ Տնտեսական այսօրվա զարգացումներն աշխատատեղերի ավելացման լուրջ ակնկալիքներ չեն տալիս։ Թեև, եթե հաջողվի նախկինում կասեցված 1-2 խոշոր ծրագիր վերականգնել, գուցե հնարավոր լինի խուսափել նման տխուր հեռանկարից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս