«Հայաստանը պետք է աչալուրջ և զգոն դիրքորոշում որդեգրի». փորձագետը՝ տարածաշրջանային զարգացումների մասին

Իրան-ԱՄՆ լարվածությանն ու ճգնաժամին զուգահեռ՝ նոր ճգնաժամ է հասունանում թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք փորձագետները համարում են թուրք-ռուսական համագործակցության հետևանք:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանը պիտի որդեգրի աչալուրջ ու զգոն դիրքորոշում:

Փորձագետը մի քանի մանրամասներ հայտնեց նաև ռուս-թուրքական համագործակցության պատճառների ու հետևանքների մասին.

«Երկու երկրների միջև բավական ակնհայտ է սերտ համագործակցությունը, և, ըստ էության, սիրիական ճգնաժամում ձեռք բերված հաջողությունները, որոնք նպաստել են իրավիճակի էական բարելավմանը Սիրիայում, հենց այդ երկու դերակատարների և  Իրանի միջև համագործակցության արդյունք են: Բացի սիրիական ճգնաժամից՝ երկու երկրների միջև նկատվում է նաև բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական համագործակցություն, նաև համագործակցություն  ռազմաարդյունաբերության ոլորտում, որի վառ ապացույցը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքն է Թուրքիային: Վերջինս ավելի է սրել Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակցի՝ ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, որոնք կարծեք թե արդեն ճգնաժամի են վերածվում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օրերս հայտարարել էր, որ Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ռուսական С- 400 զենիթահրթիռային համակարգի պատճառով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի:

Ըստ Ա. Պետրոսյանի՝ Սիրիայում քրդական խնդիրը, դիպվածային մի քանի իրադարձություններ՝ կապված Ֆեթուլլահ Գյուլենի, ԱՄՆ քաղացի Էնդրյու Բրանսոնի հետ, սրել են ամերիկաթուրքական լարվածությունը, որն իր գագաթնակետին է հասել ռուս-թուրքական համագործակցության խորացմամբ:

«Այս համագործակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է աչալուրջ և զգոն դիրքորոշման հետևի, և  չնայած Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին, դաշնակցական հարաբերություններին՝ այսուհետ պետք է շատ ավելի ակնդետ կերպով հետևի այս երկու դերակատարների միջև հարաբերություններին»,- նշեց նա:

Տարածաշրջանի մյուս՝ իրանաամերիկյան հարաբերություններին անդրադառնալով՝ փորձագետը նկատեց, որ իրավիճակն այնքանով է պայթյունավտանգ, որ ավելի հաճախ է սկսել հնչել ռազմական ճանապարհով իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների մասին.

«Ճապոնիայի վարչապետի օրերս կատարած այցը, որի հետ կապում էին բավականին մեծ հույսեր, չունեցավ էական ազդեցություն ամերիկաիրանյան լարվածության թուլացման համար»:

Մեր հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ այս ֆոնին ԱՄՆ-ը ճնշումներ գործադրի նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունները, նա պատասխանեց.

«Ճնշումներ, որպես էդպիսին, Հայաստանի հանդեպ ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացվում, բայց այն, որ Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներից զերծ չի մնում նաև Հայաստանի Հանրապետությունը, սա միանշանակ է, որովհետև հատկապես ֆինանսաբանկային ոլորտում կիրառված պատժամիջոցները, ըստ էության, անհնարին են դարձրել դրամական փոխանցումները երկու երկրների միջև, որը հավելյալ խնդիրներ է առաջացրել տնտեսական ոլորտում առավել ակտիվ համագործակցության համար»:

 Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս