Վարչապետի կասկածելի քար անտարբերությունը

Արցախի և Հայաստանի հանրության միջև ստեղծվող անջրպետը, միմյանց դեմ հրահրելը խիստ մտահոգիչ է ու վտանգներ է պարունակում՝ ֆիզիկականից մինչև ազգային արժանապատվության։

Վերջին շաբաթներին ամենաաբսուրդային և տարօրինակ քաղաքական իրադարձություններից մեկը ՀՀ իշխանությունների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի միջև ծագած տարընկալումների մասին զարգացումներն էին։ Այդ տարաձայնությունները կուլիսային կարգավիճակից թևակոխեցին բաց փուլ։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հայկական լրատվականներից մեկին, 40 րոպե խոսեց, բառիս բուն իմաստով, ոչնչի մասին: Ինչ խոսք, շոշափվեցին Արցախի, դատաիրավական համակարգի, Աբովյանի ընտրություններին վերաբերող հարցեր, սակայն, տպավորություն ստեղծվեց, որ վարչապետը առհասարակ ասելիք չունի:

Փաշինյանի հարցազրույցում առանցքային հատվածը ՀՀ-Արցախ հարաբերությունների մասին էր, որտեղ նա ներկայացրեց ոչ այդքան հասկանալի և ընկալելի տեսակետներ:

Կարդացեք նաև

Մոտ երկու շաբաթ է՝ առաջնագծում իրավիճակը բավականին լարված է, ոչ սովորական ռեժիմով, և այս ֆոնին տարօրինակ է, որ հարցազրույցին նախորդած այս էսկալացիայի վտանգ ստեղծող իրավիճակին Փաշինյանի կողմից ոչ մի անդրադարձ չեղավ: Ի վերջո, խոսքը Արցախի սահմանը հատած ուղղաթիռի ու դրա ստեղծած վտանգների մասին է:

Հատկանշական է, որ իրադրությունը սահմանին իրոք լարված էր՝ սկսած ուղղաթիռների շարժերով, որոնք ուղեկցվում են սահմանային լուրջ հատումներով, վերջացրած՝ դիպուկահարների և տարբեր զինատեսակների ակտիվացմամբ, սակայն այս ամենի մասին վարչապետն իր 40 րոպե տևողության հարցազրույցում ոչ մի դիտարկում ու ակնարկ չարեց. խոսեց ամեն ինչից, բացի առաջնագծի իրադրությունից:

Երկու հայկական պետությունների միջև առկա խնդիրների մասին հաճախ է մատնանշվում, թեև պաշտոնական մակարդակով դրանք փորձում են քողարկել տարաբնույթ մեկնաբանություններով։ Եվ կողմերի միջև տարաձայնությունների դոմինանտ պատճառ նշվում են թիմային տարբերությունները։ Ոմանք դա անվանում են տարբեր սերունդների քաղաքական բանավեճ, հեղափոխական սերնդափոխության հետևանք։

Անկախ նրանից, թե ինչ մարտավարական հնարքների է դիմում Փաշինյանը՝ գործընթացը երկարաձգելու և հայկական կողմի համար ավելի հարմար ու ամուր պլացդարմներ ստեղծելու համար, պետք է արձանագրել, որ բանակցային սեղանին այսօր դրված են Մադրիդյան սկզբունքները, ինչի վերաբերյալ Փաշինյանն այդպես էլ հստակ դիրքորոշում մինչ օրս չի արտահայտել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը մանրուքների մեջ է, և դետալների մեկնաբանության հարցում կամ քայլերի հաջորդականության շուրջ կան որոշակի անհամաձայնություններ, կասկածներ։ Արցախի ղեկավարության կազմում գուցե կան մարդիկ, որոնք առանձնապես մեծ վստահություն չունեն Փաշինյանի նկատմամբ, քանի որ վերջինիս խոցելի է դարձնում այն հանգամանքը, որ նա կայուն գործչի տպավորություն չի թողնում, ընդ որում՝ ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական գործընկերների համար։

Չի բացառվում,  նույնիսկ շատ հավանական տարբերակ է, որ այն, ինչ որպես փոխզիջումային լուծում կարող է ընդունելի լինել ՀՀ ղեկավարության համար, հնարավոր է՝ մերժվի Արցախի կողմից։

Բարդ է կռահել, թե ինչի շուրջ է անվստահությունը, որը, թեև երկու պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում չի նշվում, սակայն արծարծվում է պատերի տակ տեղի ունեցող խոսակցություններում։ Բնականաբար, Արցախին կարող է և դուր չգալ այն, որ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի թեման զուգորդվում է ԼՂ ադրբեջանական համայնքի վերադարձի փորձերով։

Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնության պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ Արցախը վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել է իր հորիզոնական կապերը որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, ընդհուպ՝ մինչև Ռուսաստանի, Իրանի ամենաբարձր օղակների հետ։ Այս ամենը, իհարկե, կարող է նյարդայնացնել Փաշինյանին։  Իրականում կա հանրային մի ընկալում՝ այս տարձայնությունները հանրային հարթակից պետք է դուրս մղել, զբաղվել իրական գործով։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս