«Ադրբեջանը բանակցություններում ավելի է սրելու լարվածությունը՝ օգտակար դիվիդենտներ շահելու  համար». Անժելա Էլիբեգովա

Հունիսի 13-ի երեկոյան Պաշտպանության բանակում հակառակորդի կրակոցից զոհվել է 1999 թվականին ծնված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը։

Նա Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։

168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան անդրադառնալով Ադրբեջանի կողմից սահմանում հաճախակի դարձած սադրանքներին, նկատեց՝ Ադրբեջանի հայտարարությունները և գործողությունները միմյանց չեն համապատասխանում, քանի որ ասում են, որ միլիտարիստական հակահայկական հայտարարությունները նվազել են, խաղաղություն հաստատելու որոշակի ճանապարհ են հարթում, սակայն դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Պետք է առաջնորդվել ադրբեջանական կողմի գործողություններով, այլ ոչ թե խոսքերով։ Ադրբեջանը գնացել է սադրանքների և շարունակում է գնալ, ավելի են սրելու լարվածությունը, որպեսզի իրենց համար օգտակար դիվիդենտներ շահեն բանակցային գործընթացում, նաև արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով, եթե նախորդ ամիսներին սահմանին հայկական կողմը զոհեր չուներ կամ քիչ ուներ, ապա դա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանը սահմանին կրակոցներ չի հնչեցրել ու չի սադրել։

Թերևս, վերջին շրջանում Ադրբեջանն ուներ որոշակի սպասումներ, որոնց հասնելու համար որոշակի զսպվածություն էր ցուցաբերում։ Սակայն նույնիսկ պաշտոնական մակարդակով հայտարարում էր, որ այն պահին, երբ իրենց համբերությունը սպառվի, և սպասելու ցանկություն այլևս չունենան, կգնան սրացման, նաև՝ ուժային տարբերակով։

«Ադրբեջանը սպասում էր, որ հայկական կողմը, նոր մոտեցումներ ունենալով հանդերձ, լինելու է զիջող։ Բայց, ըստ երևույթին, բանակցային գործընթացում իրենց սպասումները չարդարացան»,- շեշտեց Ա. Էլիբեգովան։

Ըստ փորձագետի, Ադրբեջանի այս գործողությունների համատեքստում, եթե դիտարկվի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Մինսկի խմբի հայտարարությունը, ապա այն հնարավոր է իրականացել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանում լինի հստակ որոշում, որին կհետևեն հստակ գործողություններ։ Բայց երբ Ադրբեջանում՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև մտավորականություն և հասարակություն, տարածում են  հայատյացություն և դիմում սադրանքների՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելը բացառվում է։

«Եթե նշածս հանգամանքները չլինեն, ապա իսպառ պետք է բացառել, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ պատրաստ է գոնե մտնել ինչ-որ խաղաղասիրական տիրույթ։ Քանի որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը հայտարարել է, որ մինչև Հայաստանը զորքերը դուրս չբերի Արցախից, ապա խոսք չի կարող լինել որևէ խաղաղության մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այս շրջանում իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան պատերազմի սցենարը, փորձագետը պատասխանեց, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի հնարավոր չէ կանխատեսումներ անել, սակայն քաղաքական տեսանկյունից այս պահին Ադրբեջանի մոտ պատերազմ սկսելու համար չկա որևէ մոտիվացիա։ Սակայն սահմանում անընդհատ սադրելու են և լարվածություն ստեղծեն՝ հայ հասարակության վրա նաև հոգեբանական ներազդեցություն ունենալու համար։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս