Բաժիններ՝

Հոնկոնգի խորհրդարանը հետաձգեց արտահանձնման մասին օրենքի քննարկումը

Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել է քաղաքի կենտրոնը: Այդ մասին հայտնել է RTHK ռադիոկայանը: Խորհրդարանի քարտուղարությունում չեն ճշտել, թե ինչ ժամկետով կարող է հետաձգվել նստաշրջանը:

Ավելի վաղ Հոնկոնգի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնք դեմ են արտահայտվում օրինագծին: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ, հանրահավաքի մասնակիցները լցվել են կառավարական համալիրին եւ Օրենսդրական խորհրդին հարող փողոցները Ադմիրալտիի շրջանում: Մարդկանց բազմություններն արգելափակել են տրանսպորտի երթեւեկությունը, ինչի հետեւանքով ճանապարհային լուրջ խցանումներ են առաջացել: Մի քանի հարյուր ցուցարարներ ողջ գիշերն անցկացրել են քաղաքի կենտրոնում: Առայժմ միջադեպեր ու արմատական գործողություններ չեն գրանցվել:

Ոստիկանությունը ձեռնպահ է մնում հավաքվածներին ցրելուց: Կարգուկանոնի պահպանման համար մոբիլիզացվել է իրավապահ մարմինների 5 հազար աշխատակից:
Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ:

Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ:
Դրա դեմ հանդես է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում է, որ արտահանձնումը կարող է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս