«Մեր խնդիրն այն է, որ ողբերգական իրադարձությունները չքաղաքականացվեն». ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Մենք շատ ուշադիր հետևում ենք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, մեզ համար սա եղբայրական երկիր է։ Հայաստանի Հանրապետությունը՝ իր հին պատմությունով, ավանդույթներով, փորձով, կարող է իր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել պետք եղած կերպով։ Ռուսաաստանը կա և կլինի նրա կողքին». անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ դեսպանն անդրադարձավ Գյումրիում և Մերձմոսկվայում  կատարված սպանություններին՝ նշելով, որ միջադեպերը ողբերգական են, սակայն չի կարելի քաղաքականացնել.

«Ես կարծում եմ, որ երկու կողմից կա լիարժեք փոխընկալում, որ մեր հարաբերություններում կարող է ամեն ինչ պատահել, մենք բոլորս մարդիկ ենք, բայց կա այն, ինչ մեզ միացնում է՝ մեր հարաբերությունների հիմքը, որը դարերի ընթացքում և հիմա մեզ միասին է պահում, և մեր խնդիրն այն է, որ ողբերգական իրադարձությունները չքաղաքականացվեն, որ այն ինչ-որ կերպ չկարողանա վնասել մեր միասնությանը»։

Դեսպանը հավելեց նաև, որ այսպիսի հարցերում երկու կողմերի ղեկավարություններն էլ շատ զգուշավոր են մեկնաբանություններում՝ քաղաքական լարվածությունից խուսափելու համար։

«Այլ հարց է, որ մեր ամուր կապերն այնքան նշանակալի են, որ տարբեր ուժերի և գուցեև պետությունների կողմից տարբեր վերաբերմունք են առաջացնում:

Փորձեր են ձեռնարկվում այդ ողբերգական միջադեպերին  հաղորդելու ինչ-որ քաղաքական երանգ»,- հավելեց դեսպանը՝ ընդգծելով, որ բոլոր միջադեպերը պետք է քննվեն, ու մեղավորները պատժվեն, բայց հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին քրեական գործ էր հարուցվել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության փաստով: Կինը մահացել էր ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով: Գործով կալանավորվել էր ռուսական 102-րդ բազայի զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունիսի 1-ին մերձմոսկովյան Պուտիլկովոյում կատարվել էր նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը: ԳՀՎ նախկին հատուկջոկատայինը մահացել էր սրտին դանակի հարվածով՝ տղամարդուն փրկել փորձելիս, որին մի քանի մարդ ծեծում էին: Կալանավորվածների թվում հայեր կան:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս