«Տնօրենը երեխային կանչում է աշխատասենյակ ու մահացած մոր կերպարը բացասական է ներկայացնում». Փաստաբան
Փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանն ահազանգում են՝ ընտանեկան բռնության վերաբերյալ գործը միակողմանի է ընթանում, ուստի ասուլիս հրավիրելով՝ նրանք հայցում են հանրության աջակցությունը:
Հիշեցնենք՝ 2017 թ. օգոստոսի 3-ին անկողնում մահացել է 34-ամյա Մ.Աղաջանյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան մասին ահազանգը ստացվել է 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից։ Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քննությունը շարունակվում է։
Կինն ունի երկու երեխա: Մեկը դպրոցահասակ է, մյուսը՝ 5 տարեկան:
Աշխեն Դաշյանը, ով զբաղվում երեխաների հետ կապված քաղաքացիաիրավական բնույթի վեճով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց:
«Մեր կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան՝ երեխայի բնակության վայրը որոշելու և խնամքն ու դաստիարակությունը ներկայիս խնամակալներին՝ տատին և քեռուն հանձնելու վերաբերյալ: Քրեական գործերով ներկայացվել է ապատեղեկատվություն, թե ապօրինի կերպով երեխաներին ծնողից բաժանել են, բայց ինչպե՞ս կարող է նման բան լինել, երբ երեխաների մայրը մահվանից առաջ, ծեծից հետո երեխաների հետ իր կամքով տեղափոխվել է մորական տուն:
Այս երկու տարիների ընթացքում հայրը մշտապես բարձրացրել է երեխաներին սոցիալական աջակցության կենտրոն՝ կացարան տեղափոխելու հարցը: Երեխաները կտրականապես դեմ են, բայց հայրը մինչ օրս փորձում է այդ կենտրոն տեղափոխելով՝ վախեցնել նրանց:
Viber-ով հաղորդագրություններ է ուղարկում երեխաներին՝ նշելով, որ, եթե փորձեր անեն չշփվել իր հետ, չտեսնել, չբնակվել, ապա շուտով նրանց նկարներն ու տեսանյութերը կհայտնվեն ոստիկանության ձեռքում: Չգիտենք, թե ինչի մասին է խոսում: Մեկ այլ հաղորդագրությամբ նշում է, որ ամեն ինչ կանի, որ նրանց տեղափոխեն կացարան: Դատարանի կողմից այս ամենը չարձանագրվեց որպես սպառնալիք»,- նշեց Աշխեն Դաշյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ քայլեր են ձեռնարկվել նաև երեխայի կրթության հետ կապված:
«Երեխայի կրթական իրավունքը ևս վտանգված է: Յուրաքանչյուր երեխա կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք ունի, բայց այս պարագայում, ցավոք, երեխան զրկված է ուսումնական հաստատություն ընտրելու իրավունքից: Երեխան, երբ դեռևս սովորում էր թիվ 132-րդ դպրոցում, հայրն առանց նրան ու խնամակալներին տեղեկացնելու՝ անձնական գործը տեղափոխել է մեկ այլ՝ թիվ 200 դպրոց, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում: Երեխան ապրում է Թումանյան փողոցում ու երկար ճանապարհ է ամեն օր կտրում, որ հասնի այդ դպրոցը: Այդ թիվ 200 դպրոցում տնօրենի կողմից ճնշում կա երեխայի նկատմամբ:
Նա իրեն թույլ է տալիս դասընթացն ընդհատել ու երեխային իր աշխատասենյակում ներկայացնել ծնողների վերաբերյալ որոշակի դեպքեր, մասնավորապես՝ մոր կերպարը բացասական է ներկայացնում՝ մինչև անգամ նշելով, թե՝ ձեր մայրն ունեցել է հիվանդություն:
Սա ուղղորդված է, և մենք բողոք ենք ներկայացրել Կրթության և գիտության նախարարություն ու Երևանի քաղաքապետարան: Ի դեպ, միայն տնօրենով չի սահմանափակվում սա. դասղեկի ներկայությամբ երեխայի հայրը կրկին սպառնալիք, կոպիտ արտահայտություններ է հնչեցրել, ու դասղեկը որևէ քայլ չի ձեռնարկել, անգամ, երբ հայրն ասել է՝ եթե այստեղ չգտնվեիր, քեզ հետ այլ կերպ կխոսեի: Հասկանալի է, որ խոսքը ծեծի կամ մեկ այլ հանգամանքի մասին է»,- մանրամասնեց Աշխեն Դաշյանը:
Նշենք, որ երեխայի հայրն ապրում է հենց Դավթաշեն վարչական շրջանում:
Անի Կարապետյան