
ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները աշխատանքային ընթրիք կանցկացնեն Օսակայում G20-ի գագաթնաժողովում

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, աշխատանքային ընթրիքի ձեւաչափով կհանդիպեն G20-ի գագաթնաժողովի հարթակներում, որը տեղի կունենա հունիսի 28 – 29-ն Օսակայում: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը։
«Դա կլինի, ըստ էության, անցյալ տարվա դեկտեմբերին Արգենտինայում կայացած գագաթնաժողովի (ձեւաչափի) կրկնությունը»,- հրատարակությանն ասել է նախապատրաստությունների ընթացքին ծանոթ աղբյուրը: Թրամփը հունիսի 10-ին լրագրողներին հայտնել է G20-ում Սի Ցզինպինի հետ պլանավորված հանդիպման մասին:
Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն անհապաղ լրացուցիչ մաքսեր կսահմանեն չինական ապրանքների վրա, եթե ՉԺՀ-ի նախագահը չժամանի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: