
«Ճիշտն ասած՝ ես նույնպես երկմտում եմ, բայց ամեն դեպքում վստահում եմ կառավարությանն այս պահին». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը համամիտ չէ ընդդիմադիրների պնդումների հետ, թե գույքահարկի փոփոխությունները չեն չեզոքացնի եկամուտների համահարթ հարկման առաջացրած սոցիալական անարդարությունը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սոցիալապես ավելի քիչ ապահովված խավը կշահի հարուստների վճարած բարձր գույքահարկից, քանի որ նաև վճարված այդ հարկերից են սոցիալական շատ խնդիրներ լուծվում:
Դիտարկմանն ի պատասխան, որ ընդդիմադիրները թվարկում են պետություններ, որտեղ ներդրվել է համահարթ հարկման համակարգը, սակայն հետագայում դրա անարդյունավետության պատճառով հրաժարվել են դրանից, Հ.Սարգսյանը նշեց, որ այդ փորձի մասին տեղյակ է նաև կառավարությունը և կառավարությունը նույնպես արել է այդ դիտարկումները.
«Այնպես չէ, որ ընդդիմությունը նորություն է հայտնաբերել՝ ասելով, որ կան երկրներ, որտեղ տեղափոխվել են համահարթ, ապա վերադարձել պրոգրեսիվ դաշտ: Դա նորություն չէ: Բայց Հայաստանը սպեցիֆիկ երկիր է, և Հայաստանի տնտեսությունը, ինչպես և Հայաստանի քաղաքականությունն առանձնահատուկ է, և յուրօրինակ մոտեցումներ պետք է կիրառել»:
Հարցին՝ այս լուծումը յուրօրինա՞կ է համարում, պատգամավորը պատասխանեց. «Այդքան էլ յուրօրինակ չեմ համարում: Նկատի ունեմ՝ չի կարելի տարբեր երկրներ համադրել նույն հարթության մեջ: Այդ հարցը նաև սահմանադրական փոփոխությունների ժամանակ էին բարձրացնում, կային նախագահական և՛ հաջողված, և՛ ձախողված երկրներ, կային պառլամենտական և՛ հաջողված, և՛ ձախողված երկրներ: Նույնն այս եկամտահարկի մասին կարող եմ ասել, որ հաջողությունը կախված չէ, թե եկամտահարկի ի՞նչ ձև է կիրառվում, ավելի շատ կախված է իշխանության քաղաքական կամքից և ռազմավարությունից»:
Փորձեցինք պարզել՝ վստա՞հ է, որ փոփոխությունն արդյունավետ կլինի և հետվերադարձի անհրաժեշտություն չի լինի, Հ.Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես նույնպես երկմտում եմ, բայց ամեն դեպքում վստահում եմ կառավարությանն այս պահին»: