«Գեղամ Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը». պաշտպանը՝ գործի մանրամասների մասին
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է:
168.am-ը գործի մանրամասները ճշտեց Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանից, ով տեղեկացրեց, որ բողոքարկելու են կալանավորման որոշումը, և հավելեց, որ Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Վարույթն իրականացնող մարմինը Քրեական օրենսգքրի 104 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրել՝ հիմք ընդունելով ինչ-որ անձի ինչ-որ ցուցմունք այն մասին, որ ինքը տեսել է, թե ինչպես մեկը երկաթյա ձողով-արմատուրայով փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանին, ու Պետրոսյանն էլ կամ պիտի այդ հարվածն ընդուներ, որը լինելու էր վերջինը (մահացու էր լինելու), կամ ինքը պիտի ինչ-որ ձևով պաշտպանվեր, ինչ-որ ձևով դրանից խուսափեր, ու այդ ժամանակ կրակել է»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց պաշտպանը։
Զարուհի Դիլանյան